Գյուղի կովերից մինչև Բարսելոնայի գլխավոր մարզիչ կամ ինչու՞ է ճիշտ Կիկիե Սետիենի նշանակումը
Թոփ թիմերը շարունակում են մարզիչներ փոխել։ Նիկո Կովաչին, Ունայի Էմերիին, Մարկու Սիլվային, Կառլո Անչելոտիին, Մաուրիսիո Պոչետինոյին հետևեց նաև Էռնեստո Վալվերդեն։ Երկուշաբթի`լույս երեքշաբթի գիշերը, պարզ դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է գլխավոր մարզչին՝ նշանակելով Կիկե Սետիենին։ Այս հոդվածով փորձել ենք հասկանալ, թե ինչ կտա Կիկե Սետիենը կատալոնական ակումբին։
Նախ սկսենք նրանից, որ Էռնեստո Վալվերդեի հեռացումը բացարաձակ անակնալ չէր շատերի համար, սակայն կան մի շարք նյուանսներ, որոնք արժանի են ավելի մանրամասն քննարկման։ Ակնհայտ էր, որ վաղ թե ուշ Վալվերդեն պիտի հեռացվեր զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրա գլխավորությամբ «Բարսելոնան», որպես թիմ և որպես առանձին աստղաբույլ, ընդհանրապես զարգացում չէր ապրում։
Էռնեստո Վալվերդեի օրոք «Բարսելոնան» միլիոնավոր եվրոներ է ծախսել այնպիսի խաղացողների ձեռքբերման համար, ինչպիսիք են Ֆիլիպե Կոուտինիոն, Ուսման Դեմբելեն, Անտուան Գրիզմանը։ Նրանցից ոչ ոք, կարելի է ասել, չի սկսել խաղալ ինչպես «միլիոնանոց» խաղացող, ինչը միանշանակ մարզչի խնդիրն է։ Ոչ մի խաղացող միանգամից չի հարմարվում նոր խաղային սխեմային, ինչպես եղավ Կոուտինիոյի հետ, Գրիզմանը խաղում է իրեն ոչ հարազատ դիրքում, Դեմբելեն չի կողմնորոշվում, թե որտեղ է գտնվում։ Այս խաղացողները գնվել են, որպեսզի ապահովեն արդյունք, սակայն մենք դեռևս չենք տեսել նման բան։
Բասկ մասնագետը, որպես մենեջեր, ով ղեկավարում էր մի ամբողջական թիմ, որից փորձեց ստանալ հաղթողի հոգեբանություն ունեցող թիմ, որն ի զորու կլիներ հաղթել բոլորին, ակնհայտրեն չի հաջողվել։ Վալվերդեն չկարողացավ իր հետևից «քարշ» տալ ողջ «Բարսելոնային»։
Սակայն, «Բարսելոնան» Վալվերդեին ինչու՞ է հեռացնում հենց այս պահին։ Այս որոշումը կայացնելու համար երևի ամենատարօրինակ ժամանակահատվածն ընտրվեց։ Նրան կարելի էր հեռացնել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ռոմային» պարտվելուց հետո, քանի որ այդ ժամանակ արդեն շատերն արտահայտում էին իրենց բացասական վերաբերմունքը մասնագետի հանդեպ։ Այդ ժամանակ կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն նշել էր, որ մարզիչը չէր հասկանում, թե ինչպես պետք է խաղալ «Ռոմայի» դեմ։ Ինչպես հիշում եք, այդ խաղում հռոմեական ակումբը կարողացավ հետ բերել 3 գնդակ և դուրս գալ ՉԼ կիսաեզրափակիչ։ Այն ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտում նաև ակումբի առաջատար Լեո Մեսսին։
Այդ ժամանակ Վալվերդեին ներեցին՝ մտածելով, որ ցանկացած մասնագետ կարող է ձախվել։ Սակայն, եղավ նաև հաջորդ՝ ավելի մեծ ձախողումը։ Բոլորս ենք հիշում Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի «Բարսելոնայի», ավելի կոնկրետ Վալվերդեի խայտառակությունը, երբ «Լիվերպուլը» առաջին խաղում պարտվելով 3։0 հաշվով, ֆուտբոլի պատմության ամենատպավորիչ comeback-ներից մեկը իրագործեց, հաղթելով 4։0 հաշվով։ Ցանկացած եվրոպական այլ թոփ թիմ իր մարզչին վայրկյանների ընթացքում կհեռացներ, սակայն «Բարսելոնան» տվեց երրորդ շանս։ Սակայն, թե ինչու՞ այդպես վարվեց ակումբի ղեկավարությունը, մինչև այժմ էլ անհասկանալի է։ Այս ամենի մեղավորը միանշանակ ընկնում է գլխավոր մարզչի ուսերին, քանի որ թույլ է տալիս թիմը կատարի նույն սխալները, ինչ նախորդ մրցաշրջանի նույն հատվածում։
Վալվերդեին կարելի էր հեռացնել նաև վերջին Էլ կլասիկոյից հետո, երբ կատալոնական ակումբը խաղում էր իրեն ոչ բնորոշ նվաստացուցիչ ֆուտբոլ։ Այդ խաղում ակումբը քիչ էր ստեղծում, քիչ էր հարվածում դարպասին, քիչ էր վերահսկում գնդակը։ Կարճ ասած՝ բացարձակ տապալված հանդիպում։ Եթե այդ ժամանակ հեռացվեր Վալվերդեն, բոլորը կհասկանային։
Սակայն, ակումբի ղեկավարությունը որոշեց նրան հեռացնել սուպերգավաթյան ձախողումից հետո, երբ ակումբը 2։3 հաշվով պարտվեց «Ատլետիկո Մադրիդին»։ Այդ խաղում «Բարսելոնան» առնվազն 1 ժամ ավելի լավ ֆուտբոլ էր խաղում մրցակցից՝ կարողանալով 4 անգամ գրավել մրցակցի դարպասը, որոնցից երկուսը VAR-համակարգը չէր գրանցել։ Այդ դրվագներից հետո «Բարսան» կանգնել էր և չգիտեր ինչ աներ՝ պարտվելով և դուրս մնալով մրցաշարից։ Սակայն, դա սուպերգավաթն էր, որն այս տարի կիսաընկերական բնույթի մրցաշարի վերածվեց՝ գումար աշխատելու համար։ Այս մրցաշարում պարտվելը լուրջ ձախողում չի կարելի համարել, քանի որ նախ պարտվել ես ներքին առաջնության մրցակցի, երկրորդ՝ սա միջազգային մրցաշար չէ։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը հավանաբար հասկանում է, որ եթե այսպես շարունակեր, ապանախորդ դեպքերի նման, կրկին խայտառակություն էր տեղի ունենալու Չեմպիոնների լիգայում։ Ակումբի ղեկավարությունը տեսնում է նաև, որ ակումբի համար ճգնաժամային իրավիճակներում Վալվերդեն ոչինչ չի կարողանում անել։ Վալվերդեն չգիտեր ինչպես ճիշտ կառավարել կես միլիարդ արժողությամբ թիմի, որն իր ներուժով ի վիճակի էր հաղթել ցանկացած մրցակցի։
«Ատլետիկոյին» պարտվելուց հետո «Բարսելոնան» արդեն մարզչի փնտրտուքների մեջ էր։ Ամենահավանական թեկնածուն համարվում էր ակումբի նախկին կիսապաշտպան Խավին, ով ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը»։ Սակայն, 39-ամյա մասնագետը բերեց շատ պատճառներ, որ իր նշանակումը այս պահին սխալ որոշում է և դեռևս պատրաստ չէ գլխավորել «Բարսելոնան»։
Հաջորդ թեկնածուն Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն էր, ով դժվար թե Եվրո 2020-ից առաջ թողներ հավաքականը ու գլխավորեր կատալոնական ակումբը։ Քննարկվում էր նաև «Էսպանյոլի» և «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի թեկնածությունը, սակայն նա ժամանակին հայտարարել է, որ երբեք չի գլխավորի կատալոնական ակումբը։ Սակայն, ֆուտբոլում երբեք մի ասա երբեք։
Մերժում ստանալով միանգամից երեք մասնագետից՝ կատալոնական ակումբը գտավ այլընտրանքային տարբերակ։ Ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ 61-ամյա Կիկե Սետիենին։ Այս որոշման հետ դժվար էր հավատալ, քանի որ վերջապես ակումբը նշանակում է մի մասնագետի, ով «Բարսելոնայի» համակարգի հետ ընդհանրապես կապ չի ունեցել նախքան այս պահը։
Սակայն, այս նշանակումը կարելի է համարել արդարացված (չնայած Սետիենին դեռ գործի մեջ չենք տեսել), քանի որ Սետիենը նախընտրում է խաղալ այնպես, ինչպես ժամանակին նախընտրում էր Յոհան Կրոյֆը և «թռչող հոլանդացուն» համարում է իր ոգեշնչողը։ Միանաշանակ կարելի է ասել, որ Սետիենի մոտ վառ ապրում են Յոհան Կրոյֆի տոտալ ֆուտբոլի գաղափարները և այն ֆուտբոլը, որը նախընտրում է Կիկիե Սետիենը, բազմապատիկ ավելի համապատասխան է կատալոնական ակումբին, քան այն ձեռագիրը, որով ակումը հանդես էր գալիս Վալվերդեի օրոք։
Նախքան «Բետիսը» Կիկե Սետիենը վառ ֆուտբոլ էր ցուցադրում նաև «Լաս Պալմասի» գլխավորությամբ։ Սակայն, Սետիենի գլխավորությամբ այդ ակումբները չունեին այնպիսի որակյալ խաղացողներ, որոնք կարող էին ապահովել արդյունք, այդ թիմերը ստաբիլ չէին։ «Բետիսի» հետ կարողացել էր հասնել որոշակի ստաբիլության՝ նույնիսկ դուրս գալով Եվրոպա լիգայի խմբային փուլ։
Սակայն, արդյունքները չէ, որ Սետիենի նշանակման հարցում խաղացել են ամենակարևոր դերը։ Պարզապես Սետիենը հաճախ նշում էր, որ դեռևս հնարավոր է խաղալ այնպիսի ֆուտբոլ, ինչը նախընտրում էր նաև Յոհան Կրոյֆը։ Ըստ Սետիենի՝ հնարավոր է խաղալ խիզախ և համարձակ ֆուտբոլ, պետք չէ խաղալ պրագմատիկ ֆուտբոլ՝ հագեցնելով դաշտի միջին օղակը։
Սակայն, ցավոք, ներկայիս շատ մարզիչներ հիմնվում են պրագմատիզմի վրա։ Կա պայմանագիր, կա հստակ աշխատավարձի չափ, կա արդյունք, կան բոնուսներ։ Ո՞վ չի ցանկանում ցույց տալ արդյունք և վաստակել այդ գումարները։ Ներկայիս շատ մարզիչներ մտածում են խաղալ 4-4-2, 4-5-1 մարտավարություններով։ Կիկե Սետիենն այս ամենի վրա, կարելի է ասել, «թքած» ունի։
Սետիենը նախընտրում է խաղալ շեշտը դնելով հարձակման գծի վրա, նրա թիմերը պաշտպանությունից դուրս են ուղիղ գծով։ Նրա թիմերը պրեսինգից դուրս են գալիս շատ ռիսկային, սակայն չափազանց ճիշտ ու հստակ քայլերով։ Շատ թիմեր վախենում են խաղալ այսպես, քանի որ նրանք վախենում են ձախողումներից, իսկ Սետիենը չի վախենում։
Եվ ահա՜ վերջապես Սետիենը գլխավորում է մի թիմ, որն ունի բազմաթիվ թոփ խաղացողներ, որոնք կարող են արդարդացնել նրա ֆուտբոլային գաղափարները, իսկ Էռնեստո Վալվերդեն նույնիսկ աշխարհի հավաքականի ղեկին հանդես կգար 4-4-2 մարտավարությամբ, ոչ մի «բարձր» պրեսինգ, գնդակը ցանկացած իրավիճակում խաղացողները կփոխանցեին Մեսսիին և նա ամեն ինչ կլուծեր։ Անհասկանալի էր ընդհանարապես, թե կատալոնական ակումբն ինչու էր ընտրել հենց Վալվերդեին, սակայն լավ է ուշ, քան երբեք։ Կիկե Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» միանշանակ կսկսի հանդես գալ ինչպես հին «Բարսելոնան»։
Այլ հարց է, թե Կիկիե Սետիենն ինչպես կսկսի իրագործել իր գաղափարները «Բարսելոնայի» ղեկին։ Նախ պետք է նշել, որ 61-ամյա մասնագետը նախընտրում է հանդես գալ 3 պաշտպանով։ Իհարկե, ներկա պահին ակումբում կան համապատասխան 3 պաշտպան (Ժերար Պիկե, Կլեման Լենգլե, Սամուել Ումտիտի), սակայն նրանցից երկուսը ձախլիկ են, իսկ մեկը՝ աջլիկ։ Այս պարագայում հարմարավետ չի լինի երկու ձախլիկ խաղացողի հանդես գալ իրար կողք։
Սակայն, այստեղ կարևոր հաղթաթուղթը մարտավարության մեջ չէ, այլ խաղը ճիշտ տեսնելու, գաղափարի մեջ է։ Սետիենը հանգիստ իր նախընտրած ֆուտբոլը կարող է խաղալ նաև 4 պաշտպանով։ Ավելին՝ ներկա պահին ակումբը դժվար թե հարմարվի 3 պաշտպանով խաղին, քանի որ դա նախօրոք պետք է մարզել մրցաշրջանից առաջ։
Սետիենի նշանակումով նաև «Բարսելոնան» կսկսի կրկին շատ վերահսկել գնդակը։ Վալվերդեի գլխավորությամբ «Բարսան» շատ խաղերում գնդակին հաճախ տիրում էր ընդամենը 55%, ինչը միանշանակ ակումբին համապատասխան չէ։ Սակայն, այստեղ էությունը միայն գնդակին շատ տիրելու մեջ չէ, այլ թե ինչպես են Սետիենի թիմերը հասնում դրան։ Մասնագետի գլխավորությամբ «Բետիսը» գնդակին շատ էր տիրում այն բանի շնորհիվ, որ գնդակը շատ լավ էր տեղաշարժում դաշտի կենտրոնից դեպի հարձակման գիծ, շատ արագ պրեսինգի էր դիմում գնդակը կորցնելուց հետո՝ արագորեն փակելով անհրաժեշտ դիրքերը։ Ակնհայտ է, որ դա պարզապես գնդակի գլորում չէր։
Այս ամենը հաշվի առնելով՝ բացառված չէ նաև Ֆիլիպե Կոուտինոյի վերադարձը «Բարսելոնա», քանի որ նա իր խաղային որակներով դաշտի կենտրոնական հատվածում Կիկե Սետիենի համար շատ օգտակար խաղացող կարող է դառնալ։
Կիկե Սետիեն իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարեց շատ կարևոր մի բան․ «Ես երաշխավորում եմ, որ ակումբը ցուցադրելու է վառ և գեղեցիկ ֆուտբոլ»։ Նա այլևս ոչինչ չխոստացավ երկրպագուներին, նույնիսկ տիտղոսներ։ Սետիենը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու խոստում տալիս է իր ցանկացած նշանակումից հետո և դա նրա մոտ ստացվել է։ Այլ հարց է, որ նախքան «Բարսելոնան» նա գլխավորել է ընդամենը «Լաս Պալմասն» ու «Բետիսը», և այս թիմերի հետ արդյունք ապահովելը չափազանց դժվար էր։
Թեորեապես այս նշանակումը «Բարսելոնայի» համար իդեալական նշանակում է։ Սակայն, այս թեորիան կարող է քանդել ընդամենը մեկ փաստ․ Կիկիե Սետիենը թոփ խաղացողների հետ աշխատելու փորձ չունի։ Եկեք չմոռանանք, որ այս մասնագետը աշխատել է ընդամենը «Լաս Պալմասի» և «Բետիսի» կարգի թիմերում, իսկ ամենամեծ հաջողությունը կարելի է համարել անդալուսական ակումբի հետ «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը։
Դեռևս հայտնի չեն Սետիենի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրի շատ մանրամասներ, սակայն, ըստ շատ աղբյուրների, Սետիենի պայմանագիրը երաշխավորված չէ և կնքվել է 0,5+1+1 սկզբունքով։ Այս ամենը կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռևս վստահ չէ Սետիենի վրա, և այս ամենը ցույց է տալիս, որ 61-ամյա մասնագետը սխալվելու իրավունք ընդհանրապես չունի։
Այս պայմանագիրը կարելի է համարել Եվրոպայի ամենաարդար պայմանագիրը։ Ասյինքն՝ հեռացումը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր մրցաշրջանից հետո։ Կա արդյունք, շարունակում ենք աշխատել ևս մեկ տարի։ Չկա արդյունք, ների՛ր մեզ, Խավին այնտեղ արդեն բավականին փորձ է ձեռք բերել։
Յուրաքանչյուր ակումբ նոր գլխավոր մարզչի հետ պետք է ստորագրի հենց այպիսի պայմանագիր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ շատ թիմեր պարզապես տառապում են հեռացված մարզիչներին վճարվող աստղաբաշխական փոխհատուցումների ձեռքը։ Պետք է մրցաշրջանի վերջում դիտարկել արդյունքները, և եթե դրանք բավարարում են ակումբի ղեկավարությանը, պետք է շարունակել համագործակցությունը։
Կիկե Սետիենը փաստացի խաղում է կրակի հետ, քանի որ նրան կարող են հեռացնել արդեն մայիսին, եթե չնվաճի ոչ մի գավաթ։ Նրան այս որոշման համար կարելի է համարել վիրտուոզ։ Սակայն, պետք է նշենք նաև, որ այպիսի պայմաններով գրեթե ոչ մի մարզիչ չէր համաձայնվի գլխավորել Պրեմիեր լիգայի որևէ ակումբ։
«Բարսելոնան» Սետիենին հնարավորություն է տալիս ապացուցել իր տաղանդը։ Նվաճիր՛ տիտղոսներ և դու հերոս ես։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։
Միքայել Մելիքբեկյան
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Լա-լիգա, Կիկե Սետիեն, Չեմպիոնների-լիգա, վերլուծություն