Գարեթ Բեյլը մոտ է հարազատ ակումբ վերադառնալուն
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը շատ մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» բացի Սերխիո Ռեգիլոնից, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վերադարձնի նաև Գարեթ Բեյլին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Ռեգիլոնի տրանսֆերի համար բանակցություններում է «շնաձկների» սեփականատեր Դանիել Լեվին հարցում արել նաև ուելսցի վինգերի համար։ Նշվում է, որ կողմերն արդեն 48 ժամ է Բեյլի հավանական տրանսֆերի շուրջ բանակցություններ են վարում։
31-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնեթը նույնպես հաստատել է, որ կողմերը բանակցում են և Բեյլը ցանկանում է տեղափոխվել հենց «Տոտենհեմ»․
«Գարեթը մինչև հիմա սիրում է «Տոտենհեմը»։ Մենք բանակցություններ ենք վարում «Ռեալի» հետ։ Նա ցանկանում է կրկին խաղալ այնտեղ»,- Բարնեթի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բեյլի տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն լոնդոնյան ակումբը, ինչպես Սերխիո Ռեգիլոնի, այնպես էլ Բեյլի տրանսֆերի հարցում առաջ է անցել մանկունյական ակումբից։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբը վալիացի ֆուտբոլիստին պատրաստ է 18 մլն եվրոյի դիմաց բաց թողնել, ինչպես նաև վճարել խաղացողի պայմանագրի կեսը նոր ակումբում։
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը «Տոտենհեմի» կազմում հանդես է եկել 2007-2013 թվականներին, ինչից հետո այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 101 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։ Նա լոնդոնյան ակումբի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 203 անգամ՝ դառնալով 56 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։
# Գարեթ-Բեյլ, Դանիել Լեվի, Ջոնաթան Բարնեթ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ