Բեյլ․ «Ծրագրում եմ վերադառնալ Ռեալ»
«Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը , ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ Մադրիդին», խոսել է իր ծրագրերի մասին․
«Իմ` «Տոտենհեմ» տեղափոխվելու գլխավոր պատճառը ֆուտբոլ խաղալու ցանկությունն էր, ինչն առաջին տեղում էր։
Ես ցանկանում էի Եվրոյից առաջ զգալ խաղային ռիթմը։ Իմ ծրագիրն է մրցաշրջանն անցկացնել «շնաձկների» կազմում, իսկ Եվրոպայի առաջնությունից հետո վերադառնալ «Ռեալ», և ես պատրաստվում եմ այդպես էլ անել։ Համենայն դեպս, սրանք են իմ ծրագրերը»,- նշել է ուելսցի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով BBC-ին։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, սակայն կողմերի միջև կնքված պայմանագրում չկա կետ, որը թույլ կտա լոնդոնյան ակումբին խաղացողին գնելու անմիջական կամ պարտադիր իրավունք ունենալ։
Հավելենք, որ Գարեթ Բեյլի աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո, որն ակումբները վճարում են կես-կես։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Տոտենհեմի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ