Գասպերինին նշել է, որ կորոնավիրուսով վարակված է եղել Վալենսիա – Ատալանտա հանդիպման ժամանակ
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերնին պատմել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» դեմ պատասխան հանդիպման օրն արդեն վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն չի իմացել դրա մասին․
«Կարծում եմ, որ ես վարակվել էի նախքան «Վալենսիայի» դեմ պատասխան խաղը։ Հանդիպման օրը ես ինձ ավելի վատ էի զգում։ Եթե նայեք այդ խաղի լուսանկարները, ապա կտեսնեք, որ ես գունատ տեսք ունեմ։ Դա մարտի 10-ին էր։
Օրեր անց ես սկսեցի վատ քնել։ Ես չունեի տենդ, սակայն զգում էի, որ վարակվել եմ։ Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ լսվում էր շտապօգնության մեքենայի ձայնը, քանի որ մեր մարզաբազան գտնվում է Բերգամոյի հիվանդանոցներից մեկի հարևանությամբ։ Այնպիսի ձայներ էին գալիս, կարծես ռազմաբազայում լինեինք։
Ես մտածում էի․ «Ի՞նչ կլինի ինձ հետ, եթե ես նույնպես հայտնվեմ այդ հիվանդանոցում։ Դեռ շուտ է մահանալու համար, քանի որ շատ անելիքներ ունեմ»։
Հանդիպման հաջորդը օրը կայացած թիմային ընթրիքի ժամանակ հասկացա, որ կորցրել եմ համի և հոտառական զգացողություններս։ Մարտի 14-ին սկսեցին ուժերս տեղը գալ և սկսեցի մարզվել մարզասարքերի վրա։ Այդպիսի մարզում վաղուց չէի անցկացրել։ Վազքուղու վրա վազեցի ավելի քան մեկ ժամ՝ անցնելով 10 կմ։ Մարտի 15-ին ընկերս՝ Վիտորիոն, 25 կեքս և 2008 թվականի արտադրության «Dom Perignon» շամպայն ուղարկեց ինձ։ Փորձելով շամպայնը՝ հասկացա, որ համային զգացողություններս վերականգնվել են։
Ես երեք շաբաթ անցկացրի մարզաբազայում, և երբ գնացի Թուրին, մեկուսացա երեխաներիցս և կնոջիցս։ Քանի որ չունեի ախտանշաններ, այդպես էլ կորոնավիրուսի թեստ չեմ հանձնել, սակայն 10 օր առաջ արյան բաղադրության հետազոտություն անցա, ինչն էլ հաստատեց, որ վարակված եմ եղել կորոնավիրուսով»,- իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է La Gazetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Ատալանտան» երկու խաղերի արդյունքում 8։4 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ընդհանրապես՝ Բերգամոն ներկայացնող ակումբը մրցաշարին մասնակցում է առաջին անգամ։
Նշենք, որ հետագայում այդ ակումբների միջև կայացած հանդիպումները որակվել է որպես «կենսաբանական ռումբ», քանի որ շատ բժշկական մասնագետների կարծիքով փետրվարի 19-ին կայացած դիմակայության առաջին խաղում ըստ երևույթին արդեն Իտալիայում վարակը տարածված է եղել, և իսպանացի բազմաթիվ երկրպագուներ վարակն իրենց հետ տարել են Իսպանիա։
# Ատալանտա, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա, Ջամպիերո Գասպերինի, Վալենսիա