Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները, հնարավոր է, հրաժարվեն Կոպա Ամերիկային մասնակցելուց

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները, հնարավոր է, հրաժարվեն Կոպա Ամերիկային մասնակցելուց

04/06/2021 - 12:57

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները երկրի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ռոժերիո Կաբոկլոյի և հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի հետ քննարկել են Կոպա Ամերիկային մասնակցությունից հավանական հրաժարվելու հարցը։

Ինչպես գրում է Globo Esporte-ն, կողմերի միջև այդ խոսակցությունը տեղի է ունեցել անցնող չորեքշաբթի օրը` հունիսի 2-ին։

Աղբյուրը հայտնում է, որ հավաքականի հնաբնակները դժգոհել են, որ մամուլի և սոցցանցերի միջոցով են իմացել մրցաշարի` Բրազիլիա տեղափոխության մասին լուրը։ Նրանք նույնիսկ սպառնացել են, որ, հնարավոր է, հրաժարվեն Կոպա Ամերիկային մասնակցելուց։

Նախապես որոշված էր, որ մրցաշարը պետք է անցկացվի Արգենտինայում և Կոլումբիայում, սակայն Կոլումբիայում կար քաղաքացիական պատերազմի վտանգ, իսկ Արգենտինայում կրկին մեծ թափ է հավաքել կորոնավիրուսի համաճարակը։

Ընդ որում, Բրազիլիայի հավաքանի ֆուտբոլիստները նման դժգոհություն հայտնել են` կապված Բրազիլիայի համաճարակային վիճակի հետ, որը նույնպես բարվոք վիճակում չէ։

Վերջերս Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն տված մամուլի ասուլիսի ժամանակ չհերքեց, որ նման խոսակցություն է եղել ֆուտբոլիստների ու Կաբոկլոյի միջև, սակայն այդպես էլ չներկայացրեց վերջիններիս հստակ դիրքորոշումը.

«Մենք այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունենք, ինչի մասին տեղյակ է նաև նախագահը։ Դա շատ հստակ և ուղիղ խոսակցություն էր։ Մենք ունենք դիրքորոշում, որը, սակայն, չենք պատրաստվում հանրայնացնել։

Մենք խնդրել ենք ֆուտբոլիստներին կենտրոնանալ Էվկադորի դեմ հանդիպման վրա (խմբ. – խոսքը ԱԱ-2022-ի որակավորման փուլի 7-րդ տուրի հանդիպման մասին է, որը կայանալու է հունիսի 5-ին` Երևանի ժամանակով առավոտյան 4:30-ից սկսած)։

Այժմ մենք ունենք կոնկրետ նպատակ. խաղալ լավ և հաղթել Էկվադորին։ Էկվադորի և Պարագվայի դեմ խաղերից հետո ես իմ կարծիը կասեմ ստեղծված իրավիճակի մասին։

Ես չեմ խուսափում հարցերից, այլ արձանագրում եմ փաստերը։ Կոպա Ամերիկան կարևոր է, սակայն ներկա պահին Էկվադորի դեմ խաղն ավելի կարևոր է։

Հասկանում եմ ձեզ բոլորիդ, հասկանում եմ նաև, որ մեր դիրքորոշումը շատ կարևոր է, սակայն ես չեմ խուսափում պատասխանել որևէ հարցի»,- նշել է Տիտեն։

Այդ մամուլի ասուլիսին սպասվում էր նաև Կազեմիրոյի ներկայությունը, սակայն «Ռեալի» կիսապաշտպանն այդպես էլ չի եկել մամուլի ասուլիսների սրահ։

Նշվում է` այն պահից ի վեր, ինչ Բրազիլիան հայտարարել է, որ հենց ինքն է ընդունելու Կոպա Ամերիկան, հավաքականի կազմից որևէ ֆուտբոլիստ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այդ փաստի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի տվել։

Հավելենք, որ Կոպա Ամերիկայի ընթացիկ տարվա խաղարկությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 12-ը բրազիլական 4 քաղաքներում` Ռիո դե Ժանեյրոյում, Կույաբայում, Բրազիլիայում և Գոյանիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023