Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են չմասնակցել Կոպա Ամերիկային
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են չմասնակցել Կոպա Ամերիկային։
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հստակ հասկացնել են տվել, որ հանդես չեն գա մրցաշարում։ Հավաքականի տղաները նույնիսկ կապ են հաստատել այլ ակումբներում հանդես եկող բրազիլացիների հետ, որպեսզի նրանք նույնպես հրաժարվեն մրցաշարին մասնակցելուց։
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների նման դիրքորոշումը կապված է այն բանի հետ, որ նրանք ԶԼՄ-ներից և սոցցանցերից են իմացել, որ Կոպա Ամերիկայի ընթացիկ տարվա խաղարկությունը կայանալու է հենց իրենց երկրում։
Հատկանշական է, որ այն պահից ի վեր, ինչ Բրազիլիան հայտարարել է, որ հենց ինքն է ընդունելու Կոպա Ամերիկան, հավաքականի կազմից որևէ ֆուտբոլիստ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այդ փաստի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի տվել։
Ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Տիտեն այդ հարցը բարձրացրել են երկրի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ռոժերիո Կաբոկլոյի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ նախապես որոշված էր, որ մրցաշարը պետք է անցկացվի Արգենտինայում և Կոլումբիայում, սակայն Կոլումբիայում կար քաղաքացիական պատերազմի վտանգ, իսկ Արգենտինայում կրկին մեծ թափ է հավաքել կորոնավիրուսի համաճարակը, այդ պատճառով էլ մրցաշարը տեղափոխվեց Բրազիլիա։
Ընդ որում, Բրազիլիայի հավաքանի ֆուտբոլիստները նման դժգոհություն հայտնել են նաև` կապված Բրազիլիայի համաճարակային վիճակի հետ, որը նույնպես բարվոք վիճակում չէ։
Հավելենք, որ Կոպա Ամերիկայի ընթացիկ տարվա խաղարկությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 12-ը բրազիլական 4 քաղաքներում` Ռիո դե Ժանեյրոյում, Կույաբայում, Բրազիլիայում և Գոյանիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Կոպա Ամերիկա-2021, կորոնավիրուս