Անկայուն Բորուսիա․ Հալանդն անչափ կարևոր միավոր է փրկում «դեղինների» համար 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» արտագնա խաղում մրցեց «Քյոլնի» դեմ։
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը և արդեն առաջին իսկ լուրջ գրոհի արդյունքում առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման 3-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Էրլինգ Հալանդը, իսկ արդյունավետ փոխանցում նա ստացավ Էմրե Ջանից։
Այս գոլից հետո տևական ժամանակ խաղադաշտում հանգիստ պայքար էր ընթանում։ Հանդիպման 31-րդ րոպեին կրկին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ նորվեգացի տաղանդը, սակայն նրա հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։
Քիչ անց՝ 35-րդ րոպեին, տանտերերը վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ կիսապաշտպան Օնդրեյ Դուդան և դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։
Մինչ առաջին խաղակեսի ավարտ այլևս գոլեր չգրանցվեցին․ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց համեմատաբար ցածր տեմպով․ կողմերից որևէ մեկը չուներ ընդգծված խաղային առավելություն, սակայն «Քյոլնը» աստիճանաբար նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց, որն էլ շուտով տվեց իր արդյունքը։
Հանդիպման 65-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Իսմայիլ Յակոբսը:
Ընդունած գոլից հետո Էդին Թերզիչի սաները նետվեցին առաջ՝ փրկելու հանդիպումը, սակայն տևական ժամանակ նրանց մոտ գրեթե թչինչ չէր ստացվում։ Միայն 80-րդ րոպեին «իշամեղուներին» հաջողվեց վտանգավոր գրոհ ձեռնարկել, որի արդյունքում Հալանդի՝ գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Եվս 5 րոպե անց նույն Հալանդը կրկին կարող էր աչքի ընկնել, սակայն այս անգամ նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Ամեն դեպքում, «դեղիններին» վիճակված էր Քյոլնից հեռանալ մեկ միավորով։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ, րոպեին Հալանդին հաջողվեց երկրորդ գոլը խփել այս խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս ոչ-ոքիից հետո դորտմունդյան ակումբը 26 խաղերից հետո վաստակեց 43-րդ միավորը և զբաղեցնում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ հորիզոնականը։
«Քյոլնը» նույնքան խաղերից հետո ունի արդեն 26 միավոր, որին համապատասխանում է 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Էմրե Ջան, Էրլինգ Հալանդ, Իսմայիլ Յակոբս, Քյոլն, Օնդրեյ Դուդա