Ռոյսը գերազանցել է Լևանդովսկու ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։
Դորտմունդյան ակումբի կազմում հանդիպման 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը՝ հաշիվը դարձնելով 1։1։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Չեմպիոնների լիգայի շրջանակում 31-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում խփել է 18-րդ գոլը՝ դառնալով մրցաշարի շրջանակում ակումբի լավագույն ռմբարկուն։
Այդ ցուցանիշով նա շրջանցել է Ռոբերտ Լևանդովսկու ցուցանիշը, ով դորտմունդցիների կազմում ՉԼ շրջանակում դարձել է 17 գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ լեհ հարձակվողը «Բորուսիայի» կազմում Չեմպիոնների լիգայում 17 գոլի հեղինակ դարձել է 28 խաղում, իսկ Ռոյսին 18 գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել 49 հանդիպում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2010-2014 թթ․ հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 187 հանդիպում՝ դառնալով 103 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Նա «իշամեղուների» պատմության լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում է պատվավոր 10-րդ հորիզոնականը․ առաջատարն ակումբի ներկայիս սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկն է, ով իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բորուսիայի» կազմում անցկացրած 572 խաղում դարձել է 159 գոլի հեղինակ։
Ինչ վերաբերում է Մարկո Ռոյսին, ապա «դեղինների» ներկայիս ավագը մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 305 հանդիպում՝ դառնալով 134 գոլի և 93 գոլային փոխանցման հեղինակ․ նա էլ ակումբի պատմության 7-րդ լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Սիթի, Մարկո Ռոյս, Միխայիլ Ցորկ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի