Բորուսիան փորձում է մոտենալ Չեմպիոնների լիգայի գոտուն 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Հերտայի» դեմ։
Ճիշտ է՝ առաջին կեսում Էդին Թերզիչի թիմն ուներ առավելություն․ ավելի շատ էր գրոհում ու հարվածում, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Մարկո Ռոյսը, Ջուդ Բելինգհեմը։
Առաջին կեսում դորտմունդցիների ճնշումը մեծ էր, սակայն մայրաքաղաքային ակումբը դիմացավ դրան, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
«Բորուսիայի» ֆուտբոլիստներն այն, ինչ չարեցին առաջին կեսում, արեցին երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 54-րդ րոպեին Մարկո Ռոյսի կատարած փոխանցումը եզրափակեց Յուլիան Բրանդտը՝ առաջ մղելով իր թիմին։
61-րդ րոպեին դորտմունցիների առավելությունը կրկնապատկելուն մոտ էր Մահմուդ Դահուդը, սակայն նրա հարվածից հետո «Հերտային» փրկեց դարպասաձողը։
Տանտերերն այդ դրվագից հետո էլ շարունակում էին վերահսկել խաղի ընթացքը, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում հաջողության հասնել։ Միայն 90+1-րդ րոպեին Թերզիչի թիմը խփեց երկրորդ գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց 16-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։0։
Այսպիսով, «Բորուսիան» 2։0 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ, վաստակեց 42 միավոր, շրջանցեց «Բայերին» և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Լևերկուզենցիներն ունեն 40 միավոր։
«Դեղինները» պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար և 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Այնտախտին» զիջում են 1 միավոր։
Ինչ վերաբերում է «Հերտային», ապա Բեռլինը ներկայացնող ակումբը, վաստակած 21 միավորով, զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Հերտա, Մարկո Ռոյս, Յուլիան Բրանդտ, Յուսուֆա Մուկոկո