Բորուսիան պատրաստ է հաջորդ ամռանը 100 մլն եվրոյի դիմաց վաճառել իր աստղին
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ տրանսֆերային ծրագրեր է ունենալու «Բորուսիա Դորտմունդը» 2021 թվականի ամռանը։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, գերմանական ակումբը մտադիր չէ հաջորդ ամռանը բաց թողնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին։ 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թվականի ամառվանից սկսած Հալանդի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։
Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը համոզված է, որ նորվեգացի ֆուտբոլիստը գալիք ամռանը չի լքի ակումբի շարքերը, սակայն, անձամբ Հալանդի՝ ակումբը չլքելու գլխավոր պայմանը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելն է։
«Բորուսիան» իր հերթին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղից հետո վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղում գտնվող «Այնտրախտին» զիջելով 6 միավոր։
«Բորուսիայի» ղեկավարները ենթարդրում են, որ 2021 թվականի ամռանը ակումբից կհեռանա անգլիացի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ նրա դիմաց վճարի նվազագույնը 100 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրլինգ Հալանդի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը», իսկ Սանչոն 2020-ի ամռանը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն կողմերն այդպես էլ վերջնական համաձայնության չհասան։ Այդ ժամանակ գերմանական ակումբը «կարմիր սատանաներից» խաղացողի դիմաց ցանկանում էր ստանալ 120 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հալանդը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ջեյդոն Սանչոն 28 խաղում խփել է 9 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ