Բիչախչյան. «Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին»

Բիչախչյան. «Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին»

29/03/2022 - 12:12

Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու դեմ։

Հանդիպումից առաջ «Ուլևոլ» մարզադաշտում կայացել է մամուլի ասուլիս, որին մասկանցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Չեռնոգորիայի դեմ խաղում դու մեկնարկային կազմում էիր, կարողացար դառնալ գոլի հեղինակ և վերջապես խաղացիր լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Ինչպիսի՞նն էին զգացողություններդ և ի՞նչ զգացիր գոլ խփելու պահին:

– Շատ լավ զգացողություններ էին առաջին անգամ խաղալ Հայաստանում ու կարողանալ հաղթել: Կարող եմ ասել, որ հավաքականում ընկերական հանդիպումներ չկան: Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին: Առաջինից մինչև վերջին րոպեն շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք, արժանի հաղթանակ տարանք: Հուսով ենք՝ այս հաղթանակը մեզ կօգնի, որպեսզի զարգանանք որպես հավաքական և կօգնի մեզ հետագայում Ազգերի լիգայում:

– Արդյո՞ք արդեն դիտել եք Նորվեգիայի հավաքականի հանդիպումներից: Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին:

– Այո՛, արդեն դիտել ենք Նորվեգիայի հավաքականի որոշ հանդիպումներ, և կարող եմ ասել, որ շատ կազմակերպված արագ և ուժային ֆուտբոլ են ցուցադրում, ունեն ուժեղ անհատականություններ թիմում՝ հատկապես հարձակման գծում: Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար դրական արդյունքի և նորից ուրախացնել մեր ազգին:

– Չեռնոգորիայի հետ խաղի ընթացքում երևաց, որ ֆիզիկական լավ վիճակում ես: Արդյո՞ք Սլովակիայից Լեհաստան տեղափոխվելուց հետո ինքդ զգում ես, որ ֆիզիկական վիճակդ բարելավվել է՝ հաշվի առնելով, որ Լեհաստանի առաջնությունը շատ ավելի արագաուժային է, քան Սլովակիայինը:

– Միանշանակ փոփոխություն կա, բայց կարող եմ ասել, որ Սլովակիայում նույնպես առաջնությունը վատ մակարդակի վրա չէր: «Պոգոնն» ավելի փորձառու և բարձրակարգ թիմ է, որը օգնում է ճիշտ աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Դրա համար շատ ուրախ եմ տեղափոխությանս համար: Կփորձեմ արդարացնել սպասելիքները, որպեսզի կարողանամ միշտ պատրաստ լինել օգնել մեր հավաքականին:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023