Բիչախչյան. «Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին»
Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու դեմ։
Հանդիպումից առաջ «Ուլևոլ» մարզադաշտում կայացել է մամուլի ասուլիս, որին մասկանցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
– Չեռնոգորիայի դեմ խաղում դու մեկնարկային կազմում էիր, կարողացար դառնալ գոլի հեղինակ և վերջապես խաղացիր լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Ինչպիսի՞նն էին զգացողություններդ և ի՞նչ զգացիր գոլ խփելու պահին:
– Շատ լավ զգացողություններ էին առաջին անգամ խաղալ Հայաստանում ու կարողանալ հաղթել: Կարող եմ ասել, որ հավաքականում ընկերական հանդիպումներ չկան: Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին: Առաջինից մինչև վերջին րոպեն շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք, արժանի հաղթանակ տարանք: Հուսով ենք՝ այս հաղթանակը մեզ կօգնի, որպեսզի զարգանանք որպես հավաքական և կօգնի մեզ հետագայում Ազգերի լիգայում:
– Արդյո՞ք արդեն դիտել եք Նորվեգիայի հավաքականի հանդիպումներից: Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին:
– Այո՛, արդեն դիտել ենք Նորվեգիայի հավաքականի որոշ հանդիպումներ, և կարող եմ ասել, որ շատ կազմակերպված արագ և ուժային ֆուտբոլ են ցուցադրում, ունեն ուժեղ անհատականություններ թիմում՝ հատկապես հարձակման գծում: Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար դրական արդյունքի և նորից ուրախացնել մեր ազգին:
– Չեռնոգորիայի հետ խաղի ընթացքում երևաց, որ ֆիզիկական լավ վիճակում ես: Արդյո՞ք Սլովակիայից Լեհաստան տեղափոխվելուց հետո ինքդ զգում ես, որ ֆիզիկական վիճակդ բարելավվել է՝ հաշվի առնելով, որ Լեհաստանի առաջնությունը շատ ավելի արագաուժային է, քան Սլովակիայինը:
– Միանշանակ փոփոխություն կա, բայց կարող եմ ասել, որ Սլովակիայում նույնպես առաջնությունը վատ մակարդակի վրա չէր: «Պոգոնն» ավելի փորձառու և բարձրակարգ թիմ է, որը օգնում է ճիշտ աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Դրա համար շատ ուրախ եմ տեղափոխությանս համար: Կփորձեմ արդարացնել սպասելիքները, որպեսզի կարողանամ միշտ պատրաստ լինել օգնել մեր հավաքականին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Հայաստանի հավաքական, Հայաստանի-հավաքական, Նորվեգիա-Հայաստան, Նորվեգիայի հավաքական, Վահան Բիչախչյան