Բերեզովսկի. «Առաջիկա խաղերում մեր նպատակը երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելն է»
Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյկ ընտրանու դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին։
– Ի՞նչ կարող եք ասել Կոսովոյի հավաքականի մասին:
– Դիտել և ուսումնասիրել ենք Կոսովոյի ազգային հավաքականի խաղերը: Գիտենք, որ ձեր խաղացողներից մեկը՝ թիմի գլխավոր աստղը ՝ Վեդատ Մուրիկին, բացակայում է: Բայց Կոսովոն շատ ուժեղ թիմ է՝ լավ խաղացողներով:
– Կոսովոյի հավաքականի ցուցակում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են՝ Կոսովոյի առաջնությունից, իսկ Հայաստանի հավաքականում կան նաև փորձառու ֆուտբոլիստներ: Ի՞նչ սպասելիքներ ունեք և ի՞նչ եք փորձարկելու այս խաղում:
– Մենք էլ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, իսկ այն փորձառու ֆուտբոլիստները, որոնք կան, հուսով ենք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ, կօգնեն, որ նրանք վստահություն ձեռք բերեն թե՛ դաշտում, թե՛ ընդհանրապես մեր թիմում:
– Դուք երկար տարիներ հանդես եք եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, այժմ ժամանակավորապես գլխավորում եք այն: Ի՞նչ զգացողություններ ունեք այս նոր կարգավիճակում:
Ես շատ հպարտ եմ և կարող եմ ասել, որ մեր մարզչական շտաբը շատ փորձառու է: Իմ կողքին գտնվող մարդիկ մեծ գործ են անում, ու իմ կարծիքով նրանցից յուրաքանչյուրն իրեն կարող է համարել գլխավոր մարզիչ:
-Առաջիկա խաղում կարևո՞ր է նաև արդյունքը, չնայած որ խաղը ընկերական է, թե՞ այն ավելի շատ հենց փորձարկումների համար է:
– Ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, որովհետև մեր մարզաշապիկի վրա մեր զինանշանն է, ու մենք պիտի հպարտ լինենք դրանով, ամեն ինչ անենք, որ արդյունքն էլ լավը լինի:
– Մի փոքր էլ առաջիկա խաղի մասին: Նշեցիք արդեն, որ կան ինչպես երիտասարդ շատ ֆուտբոլիստներ, այնպես էլ փորձառուներ: Ո՞րն է հիմնական խնդիրը, որը փորձելու եք լուծել:
– Առաջին հերթին հնարավորինս շատ ֆուտբոլիստների փորձարկել՝ չմոռանալով արդյունքի մասին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Կոսովո - Հայաստան, Կոսովոյի հավաքական, Հայաստանի-հավաքական, Ռոման Բերեզովսկի