Բեյլը խոշոր գումարի դիմաց ապահովագրել է ձախ ոտքը
Ուելսի հավաքականի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը խոշոր գումարի դիմաց ապահովագրել է ձախ ոտքը։
30-ամյա վալիացի ֆուտբոլիստը ոտքի ապահովագրության մասին խոսել է Էրիկ Լանգի հեռուստաշոուի ժամանակ, սակայն չի նշել, թե կոնկրոտ որքան գումար է ստանալու ապահովագրությունից։ Նշվում է, որ Բեյլը ապահովագրական ընկերությունից կարող է օգտվել, եթե ձախ ոտքի հետ կապված վնասվածք ստանա։
William Hill բուքմեյկերական ընկերության փորձագետների կարծիքով՝ Բեյլը ոտքն ապահովագրել է մոտ 100 մլն ֆունտի դիմաց։
«Մենք փոքրիկ հետազոտություն ենք անցկացրել՝ պարզելով, որ Բեյլի ձախ ոտքն արժի այնքան, որքան ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի ժպիտը, իռլանդացի պարող Մայքլ Ֆլետլիի ոտքերը և ավստրալուհի երգչուհի Կայլի Մինոուգի հետույքը։
Եթե պատրաստվում եք պայմանագիր կնքել Գարեթ Բեյլի հետ, ապա իմացեք, որ նա արժե Կրիշտիանու Ռոնալդուի երկու երրորդը։ Հավանական է, որ նրա ոտքն ապահովագրվել է մոտ 100 մլն ֆունտի դիմաց»,- նշել է William Hill բուքմեյկերական ընկերության մամուլի խոսնակ Ռուպերտ Ադամսը, ում խոսքերը մեջբերում է Daily Star-ը։
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։
# Գարեթ-Բեյլ, Ուելսի հավաքական, Ռեալ Մադրիդ