Copa del Rey. անհավանական թրիլլեր․ Բարսան գերկամային որակներ է ցույց տալիս🎥

Copa del Rey. անհավանական թրիլլեր․ Բարսան գերկամային որակներ է ցույց տալիս🎥

04/02/2021 - 02:30

Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2020/21 խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից կատալոնական ակումբը տիրել էր նախաձեռնությանը․ գնդակին ավելի շուտ էր տիրում և ավելի սուր էին գրոհները, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել անդալուսական ակումբի դարպասը։

Գրոհեց «Բարսելոնան», սակայն աչքի ընկավ «Գրանադան», որն առաջին խաղակեսում ունեցած իր սակավաթիվ լուրջ պահերից մեկը վերածեց գոլի․ 33-րդ րոպեին աչքի ընկավ Քենեդին։

Հատկանշաակն է, որ Դիեգո Մարտինեսի սաներն ողջ առաջին խաղակեսի ընթացքում կատարեցին ընդամենը մեկ դիպուկ հարված, որն էլ վերածվեց գոլի, իսկ ընդհանրապես, «Գրանադան» առաջին 45 րոպեների ընթացքում գնդակին տիրում էր ընդամենը 26 %:

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Գրանադան» նույնիսկ կրկնապատկեց հաշվի առավելությունը․ 47-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Սոլդադոն՝ եզրափակելով Անխել Մոնտորոյի փոխանցումը։

Այդ արագ գոլը շոկի ենթարկեց Ռոնալդ Կումանի թիմին։ Ճիշտ է՝ հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» տարածքային հսկայական առավելություն ուներ, սակայն ոչինչ չէր ստացվում ակումբի մոտ։

Ամեն դեպքում, նույնիսկ այդ պայմաններում, «բլաուգրանասի» ֆուտբոլիստները խաղավարտին մոտ մեծացրին ճնշումը և 88-րդ րոպեին Անտուան Գրիզմանի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։

Թվում էր՝ հանդիպումն այդպես էլ ավարտվելու է, և Իսպանիայի գավաթի շրջանակում հերթական խոշոր անակնկալն է գրանցվելու, սակայն 90+2-րդ րոպեին Անտուան Գրիզմանի փոխանցումը գտավ Ժորդի Ալբային, ով էլ հաշիվը դարձրեց 2։2, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակն էլ կատալոնական ակումբն ակտիվ էր մեկնարկել և 96 ու 99-րդ րոպեներին աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին համապատասխանաբար Լեո Մեսսին ու Մարտին Բրեյթվեյթը, սակայն այդ դրվագների հերոսը «Գրանադայի» դարպասապահ Արոն Էսկանդելն էր, ով երկու անգամ էլ փրկեց իր թիմին։

Բրեյթվեյթի հարվածից հետո «Բարսելոնան» անկյունային հարվածի իրավունք վաստակեց, որի խաղարկումից հետո, ի վերջո, «կապտանռնագույններին» այս խաղում առաջին անգամ հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ և կրկին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Սակայն, «Բարսայի» ուրախություն երկար չտևեց, քանի որ 103-րդ րոպեին Սերժինիո Դեստը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Սանչես Մարտինեսը 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց Ֆեդեն՝ հաշիվը դարձնելով 3։3։

Կումանի թիմին նույնիսկ երրորդ բաց թողած գոլը չկանգնեցրեց, քանի որ ակումբը հսկայական առավելություն ուներ, ինչի հետևանքն էլ եղավ, որ հանդիպման հյուրերը խաղը հաղթական ավարտին հասցնեն։

Նախ 108-րդ րոպեին հերթական անգամ իր թիմին առաջ մղեց Ֆրենկի դե Յոնգը, ապա՝ 113-րդ րոպեին կրկին հերոսացավ Ժորդի Ալբան՝ հաշիվը դարձնելով արդեն 3։5։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում կատալոնական ակումբը հանդիպումը մոտեցրեց իր տրամաբանական ավարտին։

Վերջում ավելացնենք, որ «Բարսելոնայի» առավելությունն այս խաղում այնքան շոշափելի էր, որ ակումբը ողջ 120 րոպեների ընթացքում տիրում էր ժամանակի 78%-ը, կատարեց 36 հարված՝ 20-ը դիպուկ, իրացրեց 18 անկյունային հարված։

Այդ առավելությունը հատկապես ակնհայտ էր լրացուցիչ ժամանակում, երբ «Բարսայի» 8 հարվածներն էլ դիպուկ ստացվեցին։

Այսպիսով, «Բարսելոնան» գերկամային որակներ ցույց տվեց՝ իրականացնելով տպավորիչ comeback և հաղթեց 5։3 հաշվով։

«Բարսան» պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023