Բարսելոնան 2016-18 թթ. խոշոր գումար է վճարել Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահին
«Բարսելոնան» կարծես թե լուրջ սկանդալի եզրին է կանգնել։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» 2016-18 թթ. 1.4 մլն եվրո է վճարել DASNIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է այդ ժամանակվա Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» գումարը վճարել է մաս-մաս. 2016 թ. 532 հազար, 2017 թ.` 541 հազար, իսկ 2018 թ.` 318 հազար եվրո։
Գործն այժմ քննում է Կատալոնիայի դատախազությունը, որի շրջանակում Նեգրեյրան և նրա որդին արդեն հարցաննքվել են։
Մրցավարների հանձնաժողովի նախկին փոխնախագահը վստահեցրել է, որ ինքը երբեք չի օգնել «Բարսելոնային» բարելավել թիմի նկատմամբ մրցավարների վերաբերմունքը, և որ այդ վճարումները կապված են եղել միայն խորհրդատվական աշխատանքի հետ, որն իրենից ենթադրել է որոշակի բացատրական աշխատանքներ ֆուտբոլիստների հետ, թե ինչպես պետք է իրենց պահեն մրցավարների հետ շփվելիս։
Բացի դրանից, Նեգրեյրան նաև նրանց խորհուրդներ է տվել, թե ինչ կարող են կամ չեն կարող անել՝ կախված այն հանգամանքից, թե ով է տվյալ հանդիպման մրցավարը:
Ստեղծված իրավիճակում խնդիրն այն է, որ Նեգրեյրան այդ վճարումների հետ կապված որևէ հարկային պարտավորություն չի կատարել` չներկայացնելով նաև դրանց հաշիվ-ապրանքագրերը, որոնք կապացուցեին, որ նա «Բարսելոնային» միայն խորհրդատվական ծառայություններ է մատուցել։
Հավելենք, որ Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրան Իսպայիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-2018 թթ.։
Նշենք, որ 2016-18 թթ. ընթացքում «բլաուգրանան» երկու անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա