Բարսելոնան փորձում է ետ բերել կորցրածը🎥

Բարսելոնան փորձում է ետ բերել կորցրածը🎥

17/12/2020 - 02:10

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության առաջատարներից «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Այս հանդիպումը տեղի ունեցավ հիմա, քանի որ կողմերը 2021 թվականի հունվարին մասնակցելու են Իսպանիայի Սուպեր գավաթի խաղարկությանը և պետք է բաց թողնեին վերոնշյալ հանդիպումը։

Հանդիպումն ակտիվ սկսեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, սակայն խաղի հաշիվը բացեցին Սան Սեբաստիանից ժամանած հյուրերը։ 27-րդ րոպեին «Ռեալ Սոսիեդադի» իրացրած անկյունայինից հետո «Բարսայի» պաշտպանները հեռացրին գնդակը, սակայն գրոհը ստացավ երկրորդ տեմպ, ինչի արդյուքնում Վիլիան Ժոզեն առաջ մղեց իր թիմին։

Ռոնալդ Կումանի սաները, սակայն, նախքան ընդմիջման գնալը, կարողացան ոչ միայն հավասարեցնել, այլև հաշվի մեջ առաջ անցնել։ 31-րդ րոպեին փայլուն հարվածով աչքի ընկավ Ժորդի Ալբան, իսկ 43-րդ րոպեին հաշիվը 2։1 դարձրեց Ֆրենկի դե Յոնգը։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» կարող էր վաղուց վճռել հանդիպման ելքը, սակայն մինչև խաղավարտ պահպանվում էր նվազագույն առավելությունը, ինչն էլ թույլ տվեց բասկյան ակումբին վերջնամասում ակտիվանալ և վտանգավոր պահեր ստեղծել Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Ի վերջո, «կապտանռնագույններին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։ «Բարսելոնան» վաստակեց 20 միավոր և այժմ արդեն 5-րդն է, իսկ «Ռեալ Սոսիեդադը» 26 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ 26-ական միավոր ունեն նաև մադրիդյան երկու ակումբները՝ «Ատլետիկոն» ու «Ռեալը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023