Բարսելոնան ցանկանում է գնել Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպանին
«Բարսելոնան» հետաքրքրված է Մարոկկոյի հավաքականի և ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Անժերի» կիսապաշտպան Ազեդին Ունահիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը մտադիր է 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական կիսապաշտպանի գոտին, որի հիմնական թեկնածուները «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդողանն են, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» չի կարող իրականացնել նրանցից որևէ մեկի գործարքը։
Այդ ամենով պայմանավորված` «կապտանռնագույնները» շեշտը դրել են Ունահիին ձեռք բերելու վրա։
22-ամյա ֆուտբոլիստի խաղը շատ է դուր գալիս «Բարսելոնայի» մարզչական շտաբին և նրան մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստ են համարում։
Բացի դրանից, երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնայի» համար անհամեմատ մատչելի կարժենա։
Այդուհանդերձ, «բլաուգրանայի» ղեկավարությունը հասկանում է նաև, որ Ունահիի` ԱԱ-2022-ում ունեցած մրցելույթները կմեծացնեն այլ ակումբների` նրա նկատմամբ հետաքրքրությունը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» մտադիր է որքան հնարավոր է շուտ գործի անցնել այս հարցում։
Հավելենք, որ Ազեդին Ունահին «Անժերի» կազմում հանդես է գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 47 խաղում դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Ունահին ընթացիկ աշխարհի առաջնության շրջանակում գրեթե առանց փոխարինման մասնակցել է Մարոկկոյի հավաքականի բոլոր 5 հանդիպումներին` «ատլասե առյուծների» հետ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Ազեդին Օնուահի, Բարսելոնա, Մարոկկոյի հավաքական, տրանսֆերներ