Բարսելոնան վստահ խաղով ջախջախեց Կադիսին` դառնալով Լա լիգայի առաջատար🎥
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կադիսի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց անդալուսական թիմի դարպասը` ջախջախելով 4:0 հաշվով։
Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը, Ռոբերտ Լևանդովսկին, Անսու Ֆաթին ու Ուսման Դեմբելեն։
Նշենք, որ լեհ հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփեց 6-րդ գոլը` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։
Կատալոնական ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական` շրջանցելով «Ռեալ Մադրիդին», որն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։
«Արքայական» ակումբը սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կմրցի «Մալյորկայի» դեմ։
«Կադիսը» պարտվել է մեկնարկային բոլոր 5 խաղերում էլ և եզրափակում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հատկանշական է, որ Սերխիո Գոնսալեսի թիմը չի խփել նաև որևէ գոլ։
Հավելենք, որ այս հանդիպումն արտառոց ընթացք ստացավ, քանի որ 83-րդ րոպեից «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով դադարեցվել էր մոտ կես ժամով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Կադիս, Ուսման-Դեմբելե, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆրենկի-դե-Յոնգ