Բարսելոնան վերջապես ներխուժում է լավագույն եռյակ🎥
Հունվարի 6-ին կայացավ իսպանական Լա լիգայի 2020/21 խաղարկության 2-րդ տուրից հետաձգված «Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա» հանդիպումը։
Արդեն 3-րդ րոպեին բասկյան ակումբը բավական անսպասելի բացեց հանդիպման հաշիվը։ Ինյակի Վիլիամսը մեն-մենակ էր դուրս եկել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դիմաց՝ գրավելով դարպասը։
Թվում էր՝ կատալոնական ակումբը հերթական դժգույն ու տխուր հանդիպումն է անցկացնելու, սակայն Ռոնալդ Կումանի սաներն ընթացիկ մրցաշրջանի ամենաորակյալ խաղերից մեկն անցկացրեց և հանդիպման մնացած ժամանակահատվածում երեք անգամ գրավեց Ունայի Սիմոնի դարպասը։
Նախ՝ 14-րդ րոպեին Պեդրին հավասարեցրեց հաշիվը, ապա՝ 38-րդ րոպեին Պեդրին օգնեց աչքի ընկնել արդեն Լեո Մեսսիին, իսկ 62-րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստն իր հաշվին արդեն դուբլ գրանցեց՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1։3։
Խաղավերջում՝ 90-րդ րոպեին, «Ատլետիկին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ գոլի հեղինակ դարձավ Իկեր Մունիայինը, սակայն, հետագայում ավելին անել Մարսելինո Գարիսա Տորալի սաներին չհաջողվեց։
Հավելենք, որ Լեո Մեսսին իսպանական Լա լիգայի շրջանակում անցկացրած 16 հանդիպումներից հետո արդեն խփել է 9 գնդակ և լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց ցուցակը գլխավորող «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասին։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 2։3 հաշվով, վաստակեց 31 միավոր, շրջանցեց «Վիլյառեալին» և «Ռեալ Սոսիեդադին»՝ վերջապես ներխուժելով լավագույն եռյակ։ «Բիլբաոն» 21 միավորով 9-րդն է։
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իկեր Մունիային, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Լեո Մեսսի, Պեդրի