Բարսելոնան ռիսկի է դիմում դուրս մնալ չեմպիոնական պայքարից?
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատարներից «Բարսելոնան» Վիգոյում հյուրընկալվել էր տեղի «Սելտային»։
Խաղը մեկնարկեց «Բարսելոնայի» խփած գնդակով։ 20-րդ րոպեին հյուրերը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, բոլորն արգենտինացի հարձակվողից հարված էին սպասում, սակայն Մեսսին խաբեց բոլորին՝ բարձրից փոխանցում կատարեց Լուիս Սուարեսի ուղղությամբ, իսկ ուրուգվայից հարձակվողը գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո «Սելտան» բավականին ակտիվացավ՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասի մոտ։ 22-րդ րոպեին գնդակը խաղի մեջ մտցնելիս Տեր Շտեգենը սխալվեց, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց մրցակցի մոտ․ Ֆյոդոր Սմոլովը չկարողացավ հարվածել դարպասին, սակայն գնդակը հայտնվեց Յագո Ասպասի մոտ, սակայն իսպանացի հարձակվողի հարվածը նպաստավոր դիրքից չստացվեց՝ դիպչելով Ժորդի Ալբային։
Րոպեներ անց՝ 24-րդ րոպեին, Դենիս Սուարեսը մեն-մենակ դուրս բերեց Բրայիս Մենդեսին, սակայն նրա հարվածից հետո հյուրերին փրկեց ուղղահայց դարպասաձողը։
Առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնան» հաշիվը կրկնապատկելու հնարավորություններ ուներ, սակայն Լեո Մեսսին և Անսումանե Ֆաթին անհասկանալիորեն նպաստավոր դիրքերից բավականին շեղ հարվածներ կատարեցին։
Երկրորդ խաղասն ավելի դրամատիկ և հետաքրքիր պայքարում անցավ։ Խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեին, տանտերերը հավասարեցրին հաշիվը։ «Բարսելոնայի» պաշտպանությունը կատարելապես ձախողվեց դաշտի կենտրոնում, ինչի արդյուքնում Օկայ Յոկուշլուն Ասպասից հիանալի փոխանցում ստացավ, դուրս եկավ մեն-մենակ Տեր Շտեգենի դիմաց, մի փոքր տեղաշարժվեց աջ եզր և փոխանցումով դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Ֆյոդոր Սմոլովին, ով էլ գրավեց դատարկ դարպասը։
Բաց թողած գոլից հետո «Բարսելոնան» տիրեց նախաձեռնությանը և 67-րդ րոպեին կրկին հաշվի մեջ առաջ անցավ։ Կատալոնացիների աջ եզրում ձեռնարակած բազաքայլ գրոհից հետո «Սելտայի» ֆուտբոլիստները չկարողացան լավ հեռացնել գնդակը, ինչի արդյունքում Լեո Մեսսին հարվածային դիրք դուրս բերեց Լուիս Սուարեսին, ով էլ դժվար դիրքից առաջ մղեց իր թիմին՝ 1։2։
Թվում էր՝ «Բարսելոնան» խաղը կհասցնի հաղթական ավարտին, սակայն խաղավարտին մոտ՝ 88-րդ րոպեին, «Սելտան» նպաստավոր դիրքում ստացավ տուգանային հարվածի իարվունք։ Գնդակին մոտեցավ տանտերերի ավագ Յագո Ասպասը, ով պատի կողքով անհավանակն հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Այսպիսով, «Բարսելոնան» հերթական կարևոր միավորներն է կորցնում՝ ռիսկի դիմելով դուրս մնալ չեմպիոնական պայքարից։ Բազմիցս բարձրաձայնվել է, որ «Բարսելոնան» պաշտպանությունում ունի հավերժական խնդիրներ, ինչն այսօր էլ մի քանի անգամ նկատելի էր։ «Սելտան» անչափ հեշտությամբ էր ճեղքում կատալոնացիների պաշտպանությունը, ինչն առավել ցայտուն երևաց նաև տանտերերի խփած առաջին գոլի ժամանակ։ Երկրորդ՝ ակնհայտ է նաև, որ «Բարսելոնան» անչափ դանդաղ է գնդակը կիսապաշտպանությունից հասնցում դեպի հարձակման գիծ, երրորդ՝ նկատելի է նաև, որ Կիկե Սետիենը հոգեբանի հատկանիշներ չունի, քանի որ ընդհանրապես չի նկատվում, որ «Բարսելոնան» պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար։ Տպավորություն է, թե «կապտանռնագույնները» պարզապես ավարտին են հասցնում առաջնությունը։ Դե շատ է խոսվել նաև, որ Կիկե Սետիենը իր փոփոխությունների շնորհիվ չի կարողանում ազդել «Բարսելոնայի» խաղի վրա, ինչն այսօր նույնպես հերթական անգամ ապացուցվեց։ Կարճ ասած, «Բարսելոնային» արմատական փոփոխություններ են անհրաժեշտ՝ սկսած մարզչական շտաբից, վերջացրած ակումբի ղեկավարությունից։
«Բարսելոնան» վաստակեց 69 միավոր, դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար՝ շրջանցելով «Ռեալին»․ վերջինս իր հանդիպումը կանցնացնի վաղը՝ հունիսի 28-ին՝ հյուրընկալվելով «Էսպանյոլին»։ «Սելտան» անչափ կարևոր մեկ միավոր վաստակեց։ Այժմ Վիգոն ներկայացնող ակումբը 34 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Յագո Ասպաս, Ֆյոդոր Սմոլով