Բարսելոնան պատրաստ է խոշոր աշխատավարձ վճարել Լևանդովսկուն
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «բլաուգրանայի» ղեկավարներն այժմ բանակցություններ են վարում լեհ հարձակվողի ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը պատրաստ է Լևանդովսկու հետ կնքել 2-3 տարվա պայմանագիր` տարեկան 35-40 մլն եվրո «կեղտոտ» աշխատավարձով։
Նշվում է, որ 33-ամյա հարձակվողին «Բարսելոնայի» կազմում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Խավին, իսկ ինքը` ֆուտբոլիստը, նույնպես կողմ է կատալոնական ակումբի շարքերը համալրելուն։
TVP Sport-ն հայտնում է, որ լեհ ֆուտբոլիստն արդեն 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ։
Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակը Լևանդովսկին դեռևս պետք է քննարկի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, հանուն «Բարսելոնայի», Լևանդովսկին մերժել է ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջարկները։
Հավելենք, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 65 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» այդ գինը նվազեցնելու համար մտադիր է գործարքում ներառել Սերժինո Դեստին ու փոխանակում առաջարկել մյունխենյան ակումբին։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել, այդ պատճառով էլ լեհ ֆուտբոլիստը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Խավի, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ