Բարսելոնան պայմանագիր է առաջարկել Դանի Օլմոյին
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյին։
Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» ֆուտբոլիստի գործակալների միջոցով նրան 6 տարվա պայմանագիր է առաջարկել։
Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը պատրաստ է վճարել «ցլերի» ու 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 60 մլն եվրո հրաժարագինը։
«Բարսելոնային» հաջողվել է «Լայպցիգին» համոզել, որ ֆուտբոլիստի հրաժարագնի պայմանները մնան նախապես սահմանված ձևով, քանի որ դրա վերջնաժամկետը լրացել է հուլիսի 20-ին։
Առաջիկա օրերին Օլմոն ընտանիքի անդամների և գործակալների հետ կուսումնասիրի «կապտանռնագույնների» առաջարկն ու իր որոշման մասին կհայտնի «Լայպցիգի» ղեկավարությանը։
«Բարսելոնան» ակումբի ֆինանսական վատ վիճակի պատճառով Օլմոյին առաջին երկու մրցաշրջանների համար առաջարկել է նախատեսվածից ցածր աշխատավարձ, սակայն այն հետագայում բարձրանալու է։
Կիսապաշտպանն առաջարկներ ունի նաև «Մանչեսթեր Սիթիից» ու Մյունխենի «Բավարիայից», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ատլեռիկոն» հետաքրքրված են նրա ծառայություններով։
Դանի Օլմոն «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի համակարգում խաղացել է 2007-2014 թթ., ինչից հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ Նա 2020 թ. հունվարին 29 մլն եվրոյով տեղափոխվել է «Լայպցիգ», որի կազմում 148 խաղում դարձել է 29 գոլի ու 34 գոլային փոխանցման հեղինակ։
Օլմոն վերջերս Իսպանիայի հավաքականի կազմում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ֆուտբոլիստը դարձավ մրցաշարի լավագույն վեց ռմբարկուներից մեկը` 5 խաղում խփլեով 3 գոլ, կատարելով նաև 2 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Օլմո, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ