Բարսելոնան շարունակում է չեմպիոնական պայքարը?
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Խետաֆեին»։ Կատալոնական ակումբը 2։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ։
Առաջին խաղակեսում նախքան գոլ բաց թողնելը, «Խետաֆեն» բավականին լավ տեսք ուներ և ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, քան տանտերերը։ 24-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ալան Նյոմն առաջ մղեց հյուրերին, սակայն մրցավարը դիտելով տեսակրկնապատկերը, կանոնների խախտում արձանագրեց Սամուել Ումտիի նկատմամբ, չեղարկելով գոլը։
Այդ դրվագից հետո «Բարսելոնան» ակտիվացավ և երկու անգամ գրավեց Դավիդ Սորիայի պաշտպանած դարպասը։ Նախ 33-րդ րոպեին Լեո Մեսսիի հերթական ոսկերչական փոխանցումից հետո աչքի ընկավ Անտուան Գրիզմանը, ապա 39-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Խունիոր Ֆիրպոյի եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Սերժի Ռոբերտոն։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասն անցավ անհետաքրքիր պայքարում։ 66-րդ րոպեին «Խետաֆեին» հաջողվեց մեկ գնդակ հետ բերել։ Խորխե Մոլինայի եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Անխելը։
72-րդ րոպեին քիչ էր մնում հաշիվը հավասարվեր․ տուգանայինի խաղարկումից հետո հյուրերի խաղացողներից մեկին հաջողվեց մոտ տարածությունից հարված կատարել, սակայն Մարկ-Անդրե Տեր Շտեգենը անհավանական կերպով փրկեց իր թիմին։
Այդ դրվագից հետո «Խետաֆեն» հաշիվը վերականգնելու որևէ լուրջ հնարավորություն այլևս չունեցավ, ընդհակառակը, «Բարսելոնայի» կազմից Անտուան Գրիզմանը նպաստավոր դիրքերից երկու անգամ անհասկանալի վրիպումներ թույլ տվեց։
Այսպիսով, Կիկե Սետիենի սաները վաստակեցին 52 միավոր՝ հավասարվելով առաջատար Մադրիդի «Ռեալին», որն իր հանդիպումը կանցկացնի վաղն ուշ երեկոյան՝ մրցելով «Սելտայի» դեմ։ «Խետաֆեն» 42 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խետաֆե, Խունիոր Ֆիրպո, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Սերժի Ռոբերտո