Բարսելոնան մոտ է երկու տրանսֆեր ավարտին հասցնելուն
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Իվուարցի ֆուտբոլիստի ու միլանյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության։
«Բարսելոնան», որը տևական ժամանակ է հետաքրքրված է Կեսիեի ծառայություններով, ըստ իտալացի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունների, արագացրել է նրա հետ բանակցությունները` կատարելով նոր առաջարկ։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» 25-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան վճարել 6.5 մլն եվրո աշխատավարձ։
Հաղորդվում է, որ Կեսեին դուր է գալիս «Բարսելոնայի» սպորտային նոր նախագիծը և ցանկանում է աշխատել Խավիի հետ, այդ պատճառով էլ ներկա պահին կատալոնական ակումբը կիսապաշտպանի կարիերան շարունակելու ամենահավանական վայրն է։
Diario Sport-ն էլ հայտնում է, որ այս գործարքի գրեթե բոլոր դետալներն արդեն համաձայնեցված են։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի տրանսֆերի հարցում, ով նույնպես հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Իսպանացի լրագրող Ժերար Ռոմերոն հայտնում է, որ «բլաուգրանան» դանիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է համաձայնեցրել և 99% հավանականությամբ նա կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ռոմերոն գրում է, որ միայն արտառոց իրավիճակը կխոչընդոտի այս գործարքի իրականացմանը։
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ կատալոնական ակումբն էական առաջընթաց ունի Քրիստենսենի ու նրա գործակալների հետ բանակցություններում, քանի որ բարելավել է իր առաջարկը։
«Բարսելոնան» ու «Բավարիան», հունվարից սկսած, կապի մեջ են 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, սակայն, եթե նախորդ ամիսներին Քրիստիենսենը մտադիր էր տեղափոխվել մյունխենյան ակումբ, ապա այժմ նախապատվություն տալիս է «բլաուգրանային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Ժերար Ռոմերո, Միլան, Չելսի, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանկ Կեսիե