Բարսելոնան ձախողեց Դեպայի ու Գարսիայի տրանսֆերները
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը և «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան չեն տեղափոխվի «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է RMC Sprot-ը, կատալոնական ակումբը «Լիոնի» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Դեպայը չի տեղափոխվելու «Բարսելոնա»։
Տրանսֆերի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն է, որ «բլաուգրանասը» չկարողացավ Ուսման Դեմբելեի տեղափոխության հարցում համաձայնության հասնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Մանկունյական ակումբը ցանկանում էր միայն վարձակալել ֆրանսիացի վինգերին, իսկ կատալոնական ակումբը մտադիր էր վաճառել խաղացողի ամբողջական տրանսֆերը։ Կարճ ասած, կողմերն ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան։
Դեպայի տեղափոխությանը կարող էր նպաստել նաև Ռաֆինիա Ալկանտարայի վաճառքը, սակայն «կապտանռնագույնները» չկարողացան նոր ակումբ գտնել բրազիլացի կիսապաշտպանի համար։
Ինչ վերաբերվում է Էրիկ Գարսիայի տրանսֆերի ձախողմանը, ապա իսպանացի տրանսֆերի կայանալ կամ չկայանալը մեծապես կախված էր Ժան-Կլեր Տոդիբոյի վաճառքից։ «Բարսելոնան» ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի համար նոր ակումբ գտավ՝ ի դեմս «Բենֆիկայի», սակայն, ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սիթին» չի ցանկանում իր պաշտպանին վաճառել 17 մլն եվրոյի դիմաց և մտադիր է խաղացողի վաճառքից նվազագույնը ստանալ 20 մլն եվրո։
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Մեմֆիս Դեպայ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո