Ռոբերտոն 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել

Ռոբերտոն 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել

05/02/2021 - 12:10

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գերդրամատիկ պայքարում լրացուցիչ ժանանակում 5։3 հաշվով կոտրեց «Գրանադայի» դիմադրությունը։

Կատալոնական ակումբի եզրային պաշտպան Սերժի Ռոբերտոն, ով վերջերս էր ապաքինվել ինչպես վնասվածքից, այնպես էլ կորոնավիրուսից, այդ հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից, սակայն մինչ խաղին մասնակցելը 28-ամյա պաշտպանն «արկածների» միջով է անցել։

Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, այդ խաղից առաջ իսպանացի ֆուտբոլիստը 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել և միայն 27-րդ փորձից բացասական պատասխան ստացել, ինչից հետո էլ հանդիպմանը մասնակցելու թույլտվություն է ստացել։

«Գրանադայի» դեմ հանդիպման 57-րդ րոպեին Ռոբերտոյի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերժինիո Դեստը, իսկ, ինչպես պարզվեց հետագայում, իսպանացի ֆուտբոլիստը կրկին վնասվածք է ստացել։ Կատալոնական ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի հետին ուղիղ մկանը, իսկ նրա վերականգնման ժամկետը կախված է ապաքինման ընթացքից։

Մի շարք աղբյուրներ նշում են, որ Ռոբերտոն ստիպված կլինի բաց թողնել 5-6 շաբաթ, ինչի հետևանքով չի կարողանա իր թիմին օգնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ի դեմ կայանալիք երկու հանդիպումներում էլ։

Հիշեցնենք, որ Սերժի Ռոբերտոն 2020 թվականի նոյեմբերի 21-ին Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայացած խաղում մկանային վնասվածք ստացավ և ստիպված եղավ բաց թողնել երկու ամիս։

Իսպանացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023