Բարսելոնան էականորեն բարելավել է աշխատավարձերի բյուջեն
Իսպանական Լա լիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանում առաջնությանը մասնակցող ակումբների աշխատավարձերի բյուջեն։
Marca-ն գրում է, որ «Բարսելոնան», այս տարվա հունվարի համեմատ, էականորոն բարելավել է աշխատավարձերի բյուջեն և այն այժմ կազմում է 426 մլն եվրո։ Տարեսզկբին այն ընդամենը 270 մլն էր։
Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, չնայած «բլաուգրանայի» նշանակալի հաջողությանը, ակումբի աշխատավարձերի բյուջեն շարունակում է մնալ ծանրաբեռնված։ Եթե «կապտառնագույնները» ձմռանը նոր համալրումներ ունենան, հավանական է, նրանց գրանցման ու հայտավորման հետ կապված ակումբը կրկին խնդիրներ կունենա։
Աշխատավարձերի բյուջեի ցուցանիշով առաջատարը շարունակում մնալ Մադրիդի «Ռեալը»` 727,45 մլն եվրո, իսկ եռյակը եզրափակում է մադրիդյան մյուս ակումբը` «Ատլետիկոն»` 310 մլն եվրո։
Պետք է նշել, որ այդ ցուցանիշով առաջնության ակնհայտ հետնապահը «Սևիլիան» է, որը, հունվարի համեմատ, 166 միլիոնով վատթարացրել է ակումբի աշխատավարձերի բյուջեն։ Այժմ այն ընդամենը 2,5 մլն եվրո է։ Վատագույնների շարքում են նաև «Էսպանյոլը» (8,8 մլն) և «Լեգանես» (37 մլն)։
Աշխատավարձերի բյուջեն, այսպես ասած, ծախսերի սահմանաչափ է, որը ներառում է ֆիքսված և փոփոխական աշխատավարձեր, սոցիալական ապահովություն, կոլեկտիվ ապահովագրական վճարներ, տրանսֆերային ծախսեր` ներառյալ գործակալների միջնորդավճարները։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» մեկ լուրջ համալրում է կատարել և 55 մլն եվրոյով գերմանական «Լայպցիգից» գնել է Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը։
Կատալոնական ակումբից հեռացել են Միքայիլ Ֆայեն («Ռեն» -> 10 մլն եվրո), Խուլիան Արաուխոն («Բորնմութ» -> 10 մլն), Չադի Ռիադը («Բետիս» -> 9 մլն), Մարկ Գիյուն («Չելսի» -> 6 մլն), Էստանիս Պեդրոլան («Սամպդորիա» -> 3 մլն), Սերժինիո Դեստը (ՊՍՎ -> անվճար), Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի» -> անվճար), Սերժի Ռոբերտոն («Կոմո» -> ազատ գործակալ), Մարկոս Ալոնսոն («Սելտա» -> ազատ գործակալ), Վիտոր Ռոկեն («Բետիս» -> վարձակալություն), Կլեման Լանգլեն («Ատլետիկո Մադրիդ» -> վարձակալություն), Ալեքս Վալյեն («Սելթիկ» -> վարձակալություն), Օրիոլ Ռոմեուն («Ժիրոնա» -> վարձակալություն), Ժոաու Ֆելիքսը («Ատլետիկո Մադրիդ» -> վարձակակության ավարտ) և Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի» -> վարձակալության ավարտ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ