Բարսելոնան բողոքարկել է Մեսսիի ստացած դեղին քարտը
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Օսասունային»։
Հանդիպման 73-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով խփած գոլը նվիրեց երջանկահիշատակ Դիեգո Արմանդո Մարադոնային։ Մեսսին հանեց հիմնական մարզաշապիկը, որի տակից կար «Նյուելս Օլդ Բոյսի» «10» համարի մարզաշապիկ։ Ինչպես Մարադոնոն, այնպես էլ Մեսսին ժամանակին հանդես են եկել «Նյուելսի» կազմում։
Հանդիպման գլխավոր մրցավար Անտոնիո Մատեո Լաոսը, առաջնորդվելով սահմանված կանանակարգով, Մեսսիին այդ քայլի համար զգուշացրեց դեղին քարտով, քանի որ, ըստ ֆուտբոլային էթիկայի կանոնների, հանդիպման ընթացքում չի կարելի հանել հիմնական մարզաշապիկը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը դիմել են Լա լիգայի Մրցաշարերի կազմակերպման հանձնաժողով՝ խնդրելով չեղարկել արգենտինացի ֆուտբոլիստի դեղին քարտը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը հատուկ նամակ է պատրաստել, որի շրջանակում «բլաուգրանասի» ղեկավարությունը բացատրում է ստեղծված հատուկ իրավիճակը, ինչն էլ ստիպել է Մեսսիին գոլը տոնել նման կերպ։
Բացի դրանից, կատալոնական ակումբը հաստատում է, որ նամակը գրվել է բարիդրացիական և հանգիստ տոնով, դրա մեջ չկա որևէ մեղադրական բառ կամ նախադասություն։ «Բարսելոնան» խոստովանում է, որ ֆուտտբոլիստը դեղին քարտը ստացել է՝ Լա լիգայի և ֆուտբոլում ընդունված ընդհանուր կանոնակարգին համաձայն։
«Բարսելոնան» հուսով է, որ Մրցաշարերի կազմակերպման հանձնաժողովը կչեղարկի Լեո Մեսսիի դեղին քարտը՝ հաշվի առնելով հատուկ հանգամանքները։
Հավելենք, որ այդ դեղին քարտը Լա լիգայի շրջանակու 33-ամյա ֆուտբոլիստի համար դարձել է 3-րդը։ Մեսսին մինչ այդ զգուշացվել էր նաև «Ալավեսի» ու «Ռեալի» դեմ խաղերում։
# Բարսելոնա, Դիեգո Արմանդո Մարադոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Օսասունա