Բարսան պայմանագիր է առաջարկել Պոչետինոյին և կապ է հաստատել այլ մարզիչների հետ
Երեկ` օգոստոսի 14-ին, ՉԼ երրորդ քառորդ եզրափակչի շրջանակում «Բավարիային» 2:8 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնան» լրջորեն սկսել է մտածել գլխավոր մարզչի փոփոխության մասին։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն համարվում է կատալոնական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հույսը դրել է արգենտինացի մասնագետի վրա, քանի որ նա կարծում է, որ Պոչետինոն համարվում է լավագույն տարբերակը, ով ակումբում կիրականացնի սերնդափոխություն։
Բարտոմեուն Պոչետինոյին ցանկացել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել դեռևս հունվարին, երբ Էռնեստո Վալվերդեն հեռացվել էր գլխավոր մարզչի պաշտոնից, սակայն այդ ժամանակ նա նախապատվությունը տվեց ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի կարծիքին, ով էլ հենց առաջարկել էր Կիկե Սետիենի տարբերակը։
Մաուրիսիո Պոչետինոյի տարբերակին մշտապես կողմ է եղել «բլաուգրանասի» ավագ Լեո Մեսսին։
Արգենտինացի մասնագետը ցանկանում է նվազագույնը կնքել 3 տարվա պայմանագիր, սակայն հաղորդվում է, որ «Բարսելոնան» առաջարկել է պայմանագիր կնքել 1+1 տարբերակով։
Բացի Պոչետինոյից, «Բարսելոնան» կրկին կապ է հաստատել Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի, «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մաքս Ալեգրիի, ինչպես նաև ակումբի նախկին հարձակվող Թիերի Անրիի հետ, ով ներկայումս գլխավորում է ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ Իմփաքտը»։
Ակումբի ևս մեկ նախկին ֆուտբոլիստի` Խավիի տարբերակը ներկա պահին բացառված է, քանի որ «Ալ-Սաադի» ներկայիս մարզիչը չի ցանկանում այս պահին կարիերան շարունակել «Բարսելոնայում»։
# Բարսելոնա, Էրիկ Աբիդալ, Թիերի Անրի, Խավի Ալոնսո, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն, Մաուրիսիո-Պոչետինո, Մասիմիլիանո-Ալեգրի, Չեմպիոնների-լիգա, Ռոնալդ Կուման