Բարսան հիանալի խաղով թափ է հավաքում 🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։
Կատալոնական ակումբը բավական լավ մարզավիճակ է հավաքել և որևէ հնարավորություն չտվեց անդալուսական ակումբին՝ հաղթելով 0։4 հաշվով։
Ռոնալդ Կումանի սաները վստահ առաջին խաղակես անցկացրին և ընդմիջման գնացին 3 գնդակի առավելությամբ։ Նախ Անտուան Գրիզմանը 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, ապա հետագայում խաղի մեջ մտավ նաև Լեո Մեսսին, ով 35-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը, իսկ 42-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածից հետո հաշիվը դարձեց 0։3՝ նաև դառնալով դուբլի հեղինակ։
Հատկանշական է, որ արգենտինացի ֆուտբոլիստը խփած 11 գոլով արդեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ շրջանցելով «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոյին, ում հաշվին կա 10 գոլ։
Հանդիպման երկրորդ կեսում «Բարսայի» ֆուտբոլիստները հիմնականում հանգիստ վերահսկում էին խաղի ընթացքը և 63-րդ րոպեին էլ ավելի մեծացրին հաշվի տարբերությունը․ իր անվան դիմաց դուբլ գրանցեց նաև Անտուան Գրիզմանը՝ եզրափակելով Ումսան Դեմբելեի նրբագեղ փոխանցումը։
Ինչպես հետագայում պարզվեց, ֆրանսիացի հարձակվողը դրեց հանդիպման վերջակետը՝ ձևակերպելով 0։4 հաշիվը։
Այսպիսով, «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 34 միավոր և արդեն քիչ-քիչ մոտենում է առաջնության առաջատարներ «Ռեալին» ու «Ատլետիկոյին», որոնց ակտիվում համապատասխանաբար կա 36 ու 38 միավոր, սակայն կողմերը հավասար քանակի հանդիպումներ չեն անցկացրել։ «Արքայական» ակումբն անցկացրել է 17 հանդիպում և 18-րդ խաղը կանցկացնի քիչ անց՝ հյուրընկալվելիս մրցելով «Օսասունայի» դեմ, իսկ «Ատլետիկոն»՝ դեռ 15։ Մադրիդում տեղացած առատ ձյան պատճառով «հնդկացիները» 18-րդ տուրի իրենց հանդիպումը բաց թողեցին, որի շրջանակում պետք է մրցեին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ «Գրանադան» էլ 24 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում։
# Անտուան-Գրիզման, Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Ռեալ Մադրիդ