Բարսայի ապագան. 5 փաստ Պեդրիի մասին
Դեռ 18 տարեկանում Պեդրին հայտնվել էր ողջ Եվրոպայի ուշադրության կենտրոնում` գերազանցելով բոլորի սպասելիքները։ Նա նույնիսկ ճանաչվեց Եվրո-2020-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Այժմ կներկայացնենք 5 փաստ Պեդրիի մասին։
1. Պեդրիի մանկության կուռքը եղել է Անդրես Ինիեստան
Երիտասարդ ֆուտբոլիստը բազմիցս նշել է, թե ինչու է մանկուց երկրպագում «Բարսելոնային» և դրա պատճառը Անդրես Ինիեստան է։
Ամեն դեպքում, նրա ընտանիքը վաղուց երկրպագում է կատալոնական ակումբին։ Պեդրիի պապիկը հիմնադրել է երկրպագուների միավորում` անվանելով այն «Տեներիֆե-Տեգեստե Բարսելոնա»։

2. Պեդրին «Լաս Պալմասի» կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է
«Լաս Պալմասը» Պեդրիի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է, որի կազմում 2019 թ. սեպտեմբերի 19-ին Սեգունդայի շրջանակում գրավեց «Սպորտինգ Խիխոնի» դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին 1:0 հաշվով։
Պեդրին, այդ գոլի շնորհիվ, դարձավ «Լաս Պալմասի» կազմում երբևէ գոլի խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա այդ օրը 16 տարեկան, 9 ամսական և 23 օրական էր։

3. Պեդրին Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով մեկ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Չնայած երիտասարդ տարիքին` Պեդրին հասցրել է պատմություն կերտել նաև Լա լիգայում։
2021 թ. հունվարի 6-ին 2-րդ տուրից հետաձգված «Ատլետիկ Բիլբաո» 2:3 «Բարսելոնա» խաղում Պեդրին 18 տարեկան և 42 տարեկան օրական հասակում դարձավ Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

4. Պեդրին միակ ֆուտբոլիստն է, ով մեկ մրցաշրջանում երկու անգամ գոլային փոխանցում է կատարել կրնկով
Երկու դեպքում էլ երիտասարդ ֆուտբոլիստը կրնկով գոլային փոխանցում կատարել է Լեո Մեսսիին։
Ընդ որում, «Վալյադոլիդի» դեմ խաղում (3:0) Պեդրիի կրնկով կատարած ասիստից հետո Մեսսին ակումբային մակարդակում խփած գոլերի քանակով շրջանցեց Պելեին։

5. Պեդրին ֆուտբոլով սկսել է զբաղվել եղբոր` Ֆերնանդոյի շնորհիվ
Ֆերնանդոյի մարզիչը խնդրեց Պեդրիին միանալ թիմերից մեկին, երբ նա ընդամենը 4 տարեկան էր։
Եղբայրների միջև կապը մինչ օրս էլ շատ ամուր է. նրանք միասին են բնակվում Բարսելոնայում։
