Բավարիան 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է ավարտին հասցրել
Անգլիական «Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեն կարեիրան կշարունակի Մյունխենի «Բավարիայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ռեկորդ մայսթերը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։
Օլիսեին իրենց կազմում ցանկանում էին տեսնել նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», սակայն «Բավարիան» առաջ է անցել մրցակիցներից։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար կարևոր նշանակություն է ունեցել այն, որ գերմանական գրանդը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում հայտնում է, որ մյունխենյան ակումբն Օլիսեի տեղափոխության համար «Քրիսթալ Փելասին» վճարելու է 60 մլն եվրո։ Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Մայքլ Օլիսեն լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից։ Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 19 խաղում դարձել է 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ծնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդնում, սակայն նրա մայրը ծագումով ֆրանսիացի է։ Վինգերը եղել է Ֆրանսիայի Մ-21 հավաքականի անդամ, սակայն «եռագույնների» ազգային թիմում դեռ նորամուտը չի նշել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Մայքլ Օլիսե, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես, Ֆաբրիցո Ռոմանո