Բավարիան ՉԼ-ում մենաշնորհ է հաստատել, իսկ Ատլետիկոն կրկին չի հաղթում Լոկոյին🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բավարիան» Մյունխենում մրցեց «Զալցբուրգի» դեմ։
Ավստրիական ակումբն ինչպես միշտ գերհարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում և բազմաթիվ անգամ հարվածեց Մանուել Նոյերի դարպասին, սակայն կատարողական վարպտությունն ու դիպուկությունը Ջեսի Մարչի սաների մոտ դեռևս չի ներում, որպեսզի կարողանան հաղթել «Բավարիայ» նման ահեղ մրցակիցներին։ Մյունխենյան ակումբը հանդիպման ինչ-որ պահից սկսած միացրեց իր շարժիչները և երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով ընդամենը մեկը։
«Բավարիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Կինգսլի Կոմանը և Լերոյ Սանեն, իսկ «Զալցբուրգի» միակ գոլը խփեց Մերգիմ Բերշիան։
Հավելենք միայն, որ «գերմանական մեքենան» Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած վերջին 15 խաղերում էլ հաղթել է։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» A խմբի շրջանակում վաստակեց 12 միավոր, վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ «Զալցբուրգը» 1 միավորով եզրափակում է խումբը։
Այս խմբի մյուս խաղում «Ատլետիկո Մադրիդը», ունենալով տարածքային ահռելի առավելություն, չկարողացավ ոչ մի կերպ հաղթել «Լոկոմոտիվին»․ գրանցվեց 0։0 հաշիվը։
«Ատլետիկոն» վաստակեց 5 միավոր և խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Լոկոն» 3 միավորով 3-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Լերոյ-Սանե, Լոկոմոտիվ, Կինգլսի Կոման, Մերգիմ Բերիշա, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի