Լևանդովսկին շարունակում է հաղթանակներ պարգևել Բավարիային 🎥
Գերմանական բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում կարողացավ 0։1 հաշվով հաղթանակի հասնել «Աուգսբուրգի» նկատմամբ։
Ինչպես և ենթադրվում էր, մյունխենյան ակումբը խաղի մեկնարկից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։
Դրվագներից մեկում՝ 13-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ռանի Խեդիրան սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները։ 11-մետրանոց նշակետին մոտեցավ հյուրերի հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին և բացեց խաղի հաշիվը՝ 0։1։
Գոլից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները շարունակում էին վերահսկել գնդակի տեղաշարժը և մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ էին տեղում դեպի մրցակցի դարպասը․ սակայն լուսատախտակին գրված հաշիվը չէր փոփոխվում։
Ավելին՝ քիչ էր մնում աշխատեր ֆուտբոլում գործող չգրված օրենքներից մեկը՝ չես խփում դու, խփում են քեզ։ «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարը սեփական տուգանային հրապարակում ձեռքով դիպավ գնդակին՝ 11-մետրանոց հարվածի իրավունք նվիրելով մրցակցին։
Գնդակին մոտեցավ «Աուգսբուրգի» հարձակվող Ալֆրեդ Ֆինբոգասոնը և չկարողացավ դիպուկ իրացնել հարվածը․ գնդակը դիպավ դարպասաձողին։
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 0։1։ Լևանդովսկու գոլը հաղթական էի Ֆլիկի թիմի համար։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 39 միավոր և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Լայպցիգին» գերազանցելով 4 միավոր։
«Աուգսբուրգը» 12-րդն է՝ վաստակած 19 միավորով։
# Ալֆրեդ Ֆինբոգասոն, Աուգսբուրգ, Բավարիա, Բենջամեն Պավար, Բունդեսլիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռոբերտ-Լևանդովսկի