Բավարիայի պաշտպանը խուսափել է ազատազրկումից
«Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը խուսափել է 6 ամսվա ազատազրկումից` կապված 2017 թ. դատարանի կայացրած որոշումը խախտելու հետ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, դատարանը որոշել է բավարարել ֆրանսիացի պաշտպանի փաստաբանների բողոք-դիմումը և դրա փոխարեն նրան դատապարտել է 4 տարվա պայմանական ազատազրկման։
Բացի դրանից, 25-ամյա ֆուտբոլիստը 240 օր անընդմեջ 400 եվրո տուգանք պետք է վճարի, որն ամբողջությամբ կկազմի 96 հազար եվրո։
Հիշեցնենք, որ 2017 թ. փետրվարին Լյուկա Էրնանդեսը, երբ հանդես էր գալիս «Ատլետիկո Մադրիդի» կազմում, ձերբակալվել էր իր կնոջ` Ամելիա դե լա Օսա Լյորենտեի վրա հարձակման մեղադրանքով։
Այդ ժամանակ դատարանը թե՛ Էրնանդեսին և թե՛ Լյորենտեին դատապարտեց հասարակական աշխատանքների և տուգանեց։
Դատարանը նրանց արգելել էր նաև 6 ամիս չհանդիպել միմյանց հետ, սակայն 2017 թ. հունիսին զույգը միասին ուղևորվում է Բահամյան Կղզիներ, որտեղ էլ ամուսնանում են, և Մադրիդ վերադառնալուց հետո երկուսն էլ ձերբակալվում են։
Այդ ժամանակ Էրնանդեսը մեղադրվեց դատարանի խափանման միջոցը խախտելու համար, ինչից հետո գործը քննող դատախազը պահանջում էր ֆուտբոլիստին դատապարտել նրան 1 տարվա ազատազրկման։
2021 թ. հոկտեմբերի հայտնի դարձավ, որ, վերոնշյալ գործի հետ կապված, դատարանը որոշել է Լյուկա Էրնանդեսին դատապարտել 6 ամսվա ազատազրկման։
Ֆուտբոլիստին կարգադրված էր մինչև հոկտեմբերի 19-ը մեկնել Մադրիդ, որպեսզի որոշի, թե որ քրեակատարողական հիմնարկում է ցանկանում կրել պատիժը։
Հավելենք, որ դատարանը վերջանական վճիռը կայացնելիս ֆուտբոլիստին մեղադրել է ոչ թե կնոջ վրա հարձակվելու, այլ դատարանի` նախօրոք որոշած խափանման միջոցը խախտելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Լյուկա Էրնանդես