Բավարիայի ու Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ավստրալական ակումբ
Մյունխենի «Բավարիայի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դուգլաս Կոստան կարիերան շարունակելու է «Սիդնեյի» կազմում։ Ավստրալական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 33-ամյա վինգերի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
«Կարիերայի ընթացքում հանդես եմ եկել բազում անհավանական ակումբներում և հաղթել տպավորիչ տիտղոսներ։ «Սիդնեյ» եմ տեղափոխվել` հաղթանակների շարքն ավելացնելու համար։
Ֆուտբոլն իմ արյան մեջ է և Ավստրալիա եմ եկել, որպեսզի բարձրացնեմ ֆուտբոլի մակարդակն այս երկրում»,- նշել է Կոստան պայմանագիրը ստորագրելուց հետո։
Կոստայի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն», որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից` 22 խաղում կատարելով 1 ասիստ։ Նա առավել հայտնի է Դոնեցկի «Շախտյորում» (2010-15 թթ., 203 խաղ, 38 գոլ, 40 ասիստ), «Բավարիայում» (2015-17 թթ., վարձակալություն` 2020-2021 թթ., 97 խաղ, 15 գոլ, 30 ասիստ) և «Յուվենտուսում» (2017-2020 թթ., 103 խաղ, 10 գոլ, 21 ասիստ) ունեցած մրցելույթների շնորհիվ։
Կոստան նաև 3 գոլ ու 6 գոլային փոխանցում է կատարել Բրազիլիայի հավաքականում անցկացրած 31 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բրազիլիայի հավաքական, Յուվենտուս, Շախտյոր, Սիդնեյ, տրանսֆերներ