Բավարիային հաշված միավորներ են բաժանում հերթական չեմպիոնությունից?

Բավարիային հաշված միավորներ են բաժանում հերթական չեմպիոնությունից?

13/06/2020 - 23:59

Մոտենում է ավարտին ոչ միայն Բունդեսլիգայի 31-րդ տուրը, այլև ողջ առաջնությունը։ Առաջնության առաջատար և գործող չեմպիոն «Բավարիան» էլ ավելի մոտեցավ հերթական չեմպիոնությանը՝ սեփական հարկի տակ դժվար պայքարում առավելության հասնելով Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։

Մյունխենյան ակումբը խաղին ներկայացել էր մի շարք կորուստներով։ Խաղը որակազրկման պատճառով բաց էին թողնում տանտերերի առաջատարներ Թոմաս Մյուլլերն ու Ռոբերտ Լևանդովսկին, ինչն էլ որոշակի ազդեցություն թողեց։

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Հյուրերը կարողացան հավասար պայքար մղել։ Նույնիսկ 16-րդ րոպեին հենց հյուրերը բացեցին խաղի հաշիվը, սակայն Յոնաս Հոֆֆմանի խփած գնդակը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրվեց։

26-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը անհասկանալի սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց Ջոշոուա Զիրկզեեի մոտ, ով գրավեց դատարկ դարպասը։

37-րդ րոպեին հյուրեը հավասարեցրին հաշիվը։ Աջ եզրում «Բորուսիան» գրոհ զարգացրեց, որի արդյունքում Պատրիկ Հերմանի կատարած փոխանցումից հետո Բենջամեն Պավարը սխալմամբ գրավեց սեփական դարպասը։

Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ փոխնիփոխ գրոհներով։ Երկու թիմերն էլ կարող էին հաղթանակ կորզել, սակայն երկար ժամանակ դարպասի գրավում չկար, սակայն 86-րդ րոպեին «Բավարիային», ի վերջո, հաջողվեց հաղթանակ կորզել։

Մյունխենյան ակումբը բազմաքայլ արագ գրոհ զարգացրեց, որի արդյունքում գնդակը հայտնվեց աջ եզրում միայնակ մնացած Բենջամեն Պավարի մոտ, ով էլ կլորն անմիջապես հասցրեց տուգանային հրապարակում գտնվող Լեոն Գորեցկային։ Գերմանացի կիսապաշտպանն էլ մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը՝ անչափ կարևոր հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, մյունխենյան ակումբը վաստակեց 73 միավոր՝ մոտակա հետապնդող «Բորուսիա Դորտմունդին» գերազանցելով 7 միավոր։ Հերթական չեմպիոնությունն ամրագրելու համար մնացած 3 տուրերում «Բավարիային» անհրաժեշտ կլինի վաստակել ընդամենը 3 միավոր։

«Բորուսիան» մնաց 56 միավորով և զբաղեցնում է 4-րդ տեղը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023