Հայտնի է Յուվենտուս – Նապոլի հանդիպման վերախաղարկան օրն ու ժամը
Հայտնի է դարձել, թե երբ է կայանալու Իտալական Ա սերիայի 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա մարտի 17-ին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում Երևանի ժամանակով 20։45-ից սկսած։
Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, սակայն քանի որ «Նապոլիի» կազմում այդ ժամանակ կային կորոնավիրուսով վարակված բազմաթիվ ֆուտբոլիստներ, իսկ Նեապոլի առողջապահական մարմինը թույլ չտվեց ակումբին մեկնել Թուրին։
«Նապոլին» խնդրել էր չեղարկել խաղը, սակայն Ա սերիան մերժել էր այդ խնդրանքը՝ պատճառաբանելով, որ հետաձգման համար չկան հիմնարվոր պատճառներ։
Հանդիպման օրը «Յուվենտուսի» ֆուտբոլիստները դուրս էին եկել մարզադաշտ, սակայն խաղը չկայացավ, քանի որ նեապոլիտանական ակումբը չէր ժամանել, ինչի հետևանքով սկզբում «Նապոլիի» անվան դիմաց տեխնիկական պարտություն էր գրանցվել, ինչպես նաև հանվել էր 1 միավոր։
Հետագայում «Նապոլին» բողոքարկեց Ա սերիայի կայացրած «դատավճիռը», ինչից հետո Իտալիայի Օլիմպիական կոմիտեն չեղարկեց Իտալիայի արբիտրաժային դատարանի կայացրած վճիռը և որոշեց, որ խաղը պետք է կայանա․ «Յուվեից» հանվեց այն 3 միավորը, որը տրվել էր նեապոլիտանական ակումբի տեխնիկական պարտության հետևանքով, ինչպես նաև «Նապոլիին» վերադարձվեց այն 1 միավորը, որը հանվել էր խաղին չներկայանալու պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, կորոնավիրուս, Յուվենտուս, Նապոլի