Ա սերիայի նորեկը պայմանագիր կնքեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի հետ
Ա սերիայի նորեկ «Կոմոն» պայմանագիր է կնքել իսպանացի անվանի դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ կողմերի պայմանագիրը նախատեստված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
41-ամյա Ռեյնայի նախորդ ակումբը եղել է «Վիլյառեալը», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` 44 խաղում 8 անգամ դարպասը պահելով անառիկ։ Վետերան դարպասապահը «դեղին սուզանավի» կազմում խաղացել է նաև 2002-05 թթ.։
Ռեյնան «Բարսելոնայի» սան է, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 49 անգամ ու անցկացրել 18 «չոր» խաղ։ Նա կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լիվերպուլում» (2005-2014 թթ., 394 հանդիպում, 177 «չոր» խաղ)։ Իսպանացի դարպասապահը հանդես է եկել նաև «Նապոլիում», «Միլանում», «Լացիոյում», «Ասթոն Վիլայում» ու Մյունխենի «Բավարիայում»։
Ռեյնան 2005-2018 թթ. հրավիրվել է նաև Իսպանիայի հավաքական, որի կազմում 36 խաղում դարպասը 21 անգամ պահել է անառիկ։ Դարպասապահը «ֆուրիա ռոխայի» հետ 2010 թ. դարձել է աշխարհի, իսկ 2008 ու 2012 թթ.` Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ «Կոմոն» 2024/25 մրցաշրջանում հանդես է գալու իտալական Ա սերիայում։ Ակումբը մարզում է իսպանացի անվանի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱԱ-2010, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Եվրո-2008, Եվրո-2012, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լիվերպուլ, Կոմո, Պեպե Ռեյնա, տրանսֆերներ