Ա սերիայի գրանդների ահ ու սարսափը․ Վերոնան միավորներ խլեց նաև Յուվեից🎥
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։
Ճիշտ է՝ հանդիպման առաջին խաղակեսում թուրինյան ակումբն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, սակայն «Վերոնան» իր գրոհներով համարժեք պատասխան էր տալիս և առաջին 45 րոպեների ընթացքում գրեթե հավասար պայքար մղեց ահեղ մրցակցի դեմ։
Կողմերին վիճակված չէր առաջին կեսում բացել խաղի հաշիվը, իսկ երկրորդը միանգամից մեկնարկեց «բյանկոներիների» խփած գնդակով։
49-րդ րոպեին «Վերոնայի» պաշտպանությունը ձախողվեց, ինչի հետևանքով Ֆեդերիկո Կիեզան ձախ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Կրիշտիանու Ռոնալդուին, ով էլ բացեց խաղի հաշիվը։
Պորտուգալացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում խփեց արդեն իր 19-րդ գնդակը և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ երկու գոլով առաջ անցնելով «Ինտերի» գոլահար Ռոմելու Լուկակուից։
Խփած գոլից հետո Անդրեա Պիռլոյի թիմը հանգստացրեց խաղը, և երկար ժամանակ որևէ վտանգավոր պահ չկար երկու թիմերի կատարմամբ էլ։
Խաղավարտին մոտ տանտերերն ակտիվացան՝ փորձելով փրկել հանդիպումը, ինչը նրանց հաջողվեց։
77-րդ րոպեին Դարկո Լազովիչի՝ ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Անտոնին Բարակը գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Խփած գոլից հետո Իվան Յուրիչի սաներն ակտիվացել էին, ովքեր ավելի մոտ էին հաղթական գնդակը խփելուն, քան՝ «Յուվեի» ֆուտբոլիստները։ Հատկապես հիշատակման է արժանի 86-րդ րոպեին նույն Լազովիչի հարվածը, ինչից հետո «Յուվեին» մեծ դժվարությամբ փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին՝ գնդակը հեռանցելով անկյունային։
90+1-րդ րոպեն աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն։ Թուրինյան ակումբը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էր վաստակել, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ պատ կազմած ֆուտբոլիստներին։
Այսպիսով, խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ «Վերոնան» արժանի դիմադրություն ցույց տվեց «Յուվենտուսին»՝ անչափ կարևոր միավորներ խլելով թուրինցիներից։
«Յուվենտուսն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» 35 միավորով 9-րդն է։
Վերջում միայն հավելենք, որ Իվան Յուրիչի թիմը դարձել է իտալական գրանդ ակումբների ահ ու սարսափը։ Ակումբն ընթացիկ մրցաշրջանում չի պարտվել «Ռոմային» (խմբ․՝ կողմերի միջև կայացած խաղն ավարտվել է 0։0 հաշվով, սակայն հետագայում «գայլերի» անվան դիմաց տեխնիկական պարտություն գրանցվեց), «Միլանին» (2։2), հաղթել է «Ատալանտային» (2։0), «Լացիոյին» (2:1), ինչպես նաև «Նապոլիին» (3։1):
Առաջին շրջանում «ծեր սենյորայի» դեմ կայացած խաղում նույնպես ակումբը չէր պարտվել․ կրկին գրանցվել է 1։1 հաշիվը։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում իտալական թոփ թիմերից միայն «Ինտերն» է հաղթել «Վերոնային» (1։2)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Անտոնին Բարակ, Ատալանտա, Դարկո Լազովիչ, Ինտեր, Իվան Յուրիչ, Կրիշտիանու-Ռոնալդու, Միլան, Յուվենտուս, Նապոլի, Վերոնա, Ֆեդերիկո Կիեզա