Արքայական ակումբն ամրապնդվում է առաջին հորիզոնականում․ Յովիչը վերջապես գոլի հեղինակ դարձավ?
Արքայական գավաթի շրջանակում անակնկալ կերպով պայքարը լքելուց հետո «Ռեալը» Լա լիգայի շրջանակում 1։4 հաշվով հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։
Հանդիպման 14-րդ րոպեին հաշիվը բացեցին տանտերերը․ աչքի ընկավ Ունայի Գարսիան։ Սակայն Զիդանի թիմն արագ հավասարեցրեց հաշիվը, իսկ այնուհետև արդեն հաղթողի դերում հայտնվեց։ 33 և 38-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Իսկոն և Սերխիո Ռամոսը։
Երկրորդ խաղակեսում «Ռեալը» վերահսկում էր հանդիպման ընթացքը՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։ Հանդիպման վերջնամասում հյուրերը ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ 84-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Վասկեսը, իսկ մրցավարի կողմից ավելացրած 2-րդ րոպեին երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Լուկա Յովիչը։ Յովիչը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։
Այս հաղթանակի շնորհիվ «արքայական» ակումբն ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում՝ 52 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Բարսելոնայից» Զիդանի սաներն առաջ են 6 միավոր։ Կատալոնական ակումբն իր հանդիպումը կանցկացնի ավելի ուշ՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին հյուրընկալվելով «Բետիսին»։ «Օսասունան» 28 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
# Բարսելոնա, Բետիս, Իսկո, Լա-լիգա, Լուկա-Յովիչ, Լուկաս Վասկես, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Օսասունա