Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀՖՖ պատվիրակությունը ՀՀ-ում աշխատանքային այցով եղել է մի շարք խաղադաշտերում
Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՖՖ պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր քարտուղա Արմեն Մելիքբեկյանը, տեղեկալ, ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և մամուլի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը, այցելել է Հայաստանի Հանրապետության մի շարք խաղադաշտեր:
Լրագրողների ուղեկցությամբ առաջին կանգառը Սևանում էր: Տեղի արհեստական խոտածածկով դաշտը գրեթե պատրաստ էր: Ընթանում են հանդերձարանների ներքին կահավորման վերջնական աշխատանքները: Սպասվում է, որ այդտեղ է իր տնային հանդիպումներն անցկացնելու «Յունիոր Սևանը»:
Այնուհետև Դիլիջանում հանդիպեցինք անգլիացի գործարար Ուիլ Թոմսոնի հետ: Վերջինս հիմնադրում է «Դիլիջան» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբում: Ուիլսոնը կապեր ունի «Քրիստալ Փելասի» հետ: Ավելին, կազմավորվող թիմի ընտրված խաղաշապիկի գույները նման են անգլիական ակումբի գույներին: Թոմսոնը հայտնեց, որ ակումբում մարզվում են մոտ 90 ֆուտբոլիստներ:
Վերջին կանգառը Նոյեմբերյանում էր: Քաղաքի մարզադաշտը, որտեղ նախկինում իր հանդիպումներն է անցկացրել «Ազնավուր» թիմը, այնքան էլ լավ վիճակում չէ: Հատկապես խոտածածկը լուրջ բարեկարգման կարիք ունի: Նախկինում վերանորոգված հանդերձարանները և մյուս ենթակառուցվածքները նույնպես լավ վիճակում չեն:
Այդտեղ կայանում էր Հայաստանի մինչև 16 տարեկանների 2018-2019 թթ. առաջնության (Բ ենթախումբ) գարնանային մրցաշրջանի առաջին խաղը «Դովեղ»-«Զովունի»: Տանտերերը հաղթել են 2:1 հաշվով:
Հանդիպումը դիտելուց հետո պատվիրակության հետ վերադարձել ենք Երևան: Interfootball-ը շնորհակալություն է հայտնում ՀՖՖ-ին ընձեռած հնարավորության համար:
Արման Առաքելյան
# Արմեն-Մելիքբեկյան, հայկական-ֆուտբոլ, ՀՖՖ