Արման Ղազարյան․ «Միշտ ձգտել և երազել եմ խաղալ ազգային հավաքականում»
Հայաստանի հավաքականն առաջիկա օրերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հոկտեմբերի 16-ին մրցելով Կոսովոյի, իսկ հոկտեմբերի 19-ին` Ալբանիայի ընտրանու դեմ։
Ռոման Բերեզովսկին հայտացուցակում ընդգրկել է նաև «Ուրարտուի» 21-ամյա պաշտպան Արման Ղազարյանին, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։
Interfootball-ի թղթակիցը զրուցել է հավաքականի նորեկի հետ` քննարկելով մի շարք հետաքրքիր թեմաներ։

– Դուք առաջին անգամ եք հրավիրվել Հայաստանի հավաքական։ Ինչպե՞ս իմացաք հրավերի մասին և ի՞նչ զգացողություններ ունեիք այդ լուրն իմանալուց հետո։
– Հրավերի մասին իմացա ակումբի աշխատակիցներից։ Անկեղծ ասած՝ սպասում էի և շատ ուրախացա։ Զգացի մեծ հպարտություն, որովհետև միշտ ձգտել և երազել եմ խաղալ ազգային հավաքականում։
– Դուք խաղացել եք նաև մյուս բոլոր տարիքային հավաքականների կազմում։ Ի՞նչ ապրումներ ունեիք ու սպասո՞ւմ էիք, որ կհրավիրվեք նաև ազգային ընտրանի։
– Այո՛, խաղացել եմ և մեծ պատասխանատվությամբ կրել տարբեր տարիքային հավաքականների մարզաշապիկը, բայց կարծում եմ` ազգային հավաքականն այլ մակարդակ է, որտեղ էլ ավելի մեծ նվիրում, պայքար և ջանք կփորձեմ թափել՝ հանուն մեր հավաքականի հաղթանակների։

– Արման, դուք Ձեր կարիերան սկսել եք հենց «Ուրարտուում»։ Ի՞նչ եք սովորել` խաղալով ակումբում։
– Ես «Ուրարտուի» այն հազարավոր սաներից մեկն եմ եղել, ովքեր ձգտել և երազել են խաղալ ակումբի առաջին թիմում, և շատ ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ խաղալ գլխավոր թիմում և պաշտպանել այս թիմի գույները։
Ակումբը թե՛ ինձ, թե՛ մյուս սաներին կրթել և դաստիարակել է և՛ որպես լավ մարդ, և՛ որպես լավ ֆուտբոլիստ ու ամենակակարևորը՝ դարձրել ակումբին նվիրված ֆուտբոլիստ։

– Ձեր թիմն առաջին հորիզոնականն է զբաղեցնում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Ի՞նչ նպատակներ ունի «Ուրարտուն»։
– Կարծում եմ՝ պատահական չէ, որ մենք առաջին հորիզոնականում ենք, քանի որ ունենք շատ ուժեղ և բանիմաց մարզչական շտաբ՝ Դմիտրի Գունկոյի գլխավրությամբ։
Ըստ իս` ակումբը ունի բավական ուժեղ թե՛ տեղացի ֆուտբոլիստներ, թե՛ լեգեոներներ։ Թիմում շատ լավ մթնոլորտը և մեծ ու առողջ մրցակցությունը մեզ մղում է միմիայն ամենաբարձր արդյունքների։ Մենք դուրս ենք գալիս դաշտ՝ յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանելու համար և շատ ուրախ կլինենք, որ առաջնությունն ավարտենք այն հորիզոնականում, որտեղ այժմ ենք։

– Դուք Գունկոյի առանցքային խաղացողներից մեկն եք։ Ի՞նչ եք սովորել նրանից։
– Անկախ նրանից, թե որքան խաղային ժամանակ եմ ստանում, միևնույն է, ես չեմ դադարում շատ աշխատել և ամեն մարզմանն ու խաղին ապացուցել, որ արժանի եմ խաղալու։
Շատ բան եմ սովորել Գունկոյից, բայց կնշեմ դրանցից ամենակարևորը․ նա միշտ ստիպում է խաղալ բարձր կենտրոնացվածությամբ, պայքարել մինչև վերջ և հավատալ սեփական հաղթանակին։
– Ո՞ր ֆուտբոլիստին կառանձնացնեք «Ուրարտուից»։
– Անկեղծ՝ չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել, քանի որ մենք թիմային խաղ ենք ցուցադրում և բոլորով միահամուռ աշխատանքով ենք հասնում հաջողության։

– Նշե՛ք այն խաղացողին, ում դեմ խաղալն, իրոք, դժվար է։
– Շատ լավ և բարձրակարգ խաղացողների դեմ եմ խաղացել, սակայն կնշեի «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսին և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Նրանց խաղամակարդակը շատ լավ էր զգացվում դաշտում, բայց ես վստահ եմ, որ բոլորի դեմ կարելի է լավ խաղալ և հաջողության հասնել։
– Եթե չխաղալ «Ուրարտուի» կազմում, ապա որտե՞ղ։
– Ինչպես բոլոր ֆուտբոլիստները, այնպես էլ ես, կցանկանայի խաղալ եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում։
– Շուտով աշխարհի առաջնությունն է։ Ո՞ր հավաքականին եք երկրպագելու։
– Երկրպագելու եմ Ֆրանսիայի հավաքականին։ Կարծում եմ՝ շատ հզոր կազմ ունեն և իզորու են դառնալ աշխարհի չեմպիոն։
– Ո՞վ է Ձեր սիրելի պաշտպանը։
– Շատ բարձրակարգ պաշտպաններ կան, որոնք մասնակցելու են աշխարհի առաջնությանը, որոնցից կարելի է միշտ ինչ-որ բան սովորել, սակայն ես միշտ համակրել եմ Կառլես Պույոլին և Սերխիո Ռամոսին` առաջին հերթին նրանց նվիրվածության և առաջնորդի կարողությունների համար։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
