Արթուր Վանեցյան. ՀՖՖ նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ֆեդերացիայի նախագահը
Ինչպես նշեցինք, երեկ՝ նոյեմբերի 7-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ, որտեղ Գործկոմը հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը։
Գործկոմից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՖՖ պաշտոնյաներ Մեսրոպ Առաքելյանը և Արսեն Թորոսյանը կանոնակարգային բաց էին գտել Արթուր Վանեցյանի գործողություններում, որը հրապարակել էին Facebook-ում։ Անդրադառանալով թեմային` Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ»:
Վանեցյանը տվել է բոլոր հարցերի պատասխանները․
«Իրականում որևէ խնդիր չի եղել: Աղմուկը շատ բարձրացավ: Եղել է իրավական կազուս, որի համար ծառայողական քննություն է սկսվել: Համապատասխան աշխատակիցները կպատասխանեն հարցերին: Հունիսի 26-ին եղել է հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը: Ըստ նոր կանոնադրության` հավաքականի մարզչի նշանակումը որոշում է ՀՖՖ նախագահը: Այդ ամենը պետք է մուտքագրվեր պետռեգիստր: Ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին: Ինձ ասել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, բայց չեն տեղեկացրել, որ որոշումը դեռ հաստատված չէր։ Ֆորմալ առումով կանոնադրությունը կհաստատվի նոյեմբերի 8-ին»:
Պարոն Վանեցյանը փորձել է հանդարտեցնել բոլոր կրքերը, որոնք շոշափվում են իր անվան հետ․
«Այն բոլոր տեղեկությունները, որոնցով փորձում են սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն: Կոչ եմ անում սատարել հայկական ֆուտբոլին»:
Արթուր Վանեցյանը նաև Աբրահամ Խաշմանյանին հաջողություն մաղթեց առաջիկա երկու խաղերում․ «Հուսով եմ ՝ պարոն Խաշմանյանը հաղթանակներ կբերի ազգային հավաքականին: Հաջողություն եմ մաղթում այս բարդ և պատասխանատու գործում»:
# Արթուր-Վանեցյան, ՀՖՖ