Արթուր Վանեցյանը և Հայկ Մարությանն ազդարարել են Եվրո Մ19 առաջնության հետհաշվարկի մեկնարկը

Արթուր Վանեցյանը և Հայկ Մարությանն ազդարարել են Եվրո Մ19 առաջնության հետհաշվարկի մեկնարկը

05/04/2019 - 21:27

Այսօր՝ ապրիլի 5-ին՝ Հյուսիսային պողոտա 8 հասցեում (Եվրոպայի հրապարակ), տրվեց Եվրոպայի Մ19 առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Պողոտայի ողջ խորությամբ տեսանելի հսկա ժամացույցին կմարեն վերջին 100 օրվա րոպեները: Եվրոպայի 7 լավագույններին կմիանա կազմակերպիչ Հայաստանի ընտրանին: Եվրոպայի՝ տարիքային այս խմբի առաջնության եզրափակիչ փուլին Հայաստանը կմասնակցի 2-րդ անգամ: Առաջին անգամ հայկական ընտրանին մասնակցել է 2005-ին:

Հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես տվեցին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ նախագահն իր խոսքում ասաց.

«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ, Երևանի քաղաքապետի հետ տվեցինք սպորտային մեծ իրադարձության մեկնարկը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է Երևանում: Կարծում եմ՝ դա աննախադեպ սպորտային իրադարձություն է: Կարող ենք նշել, որ հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը: Այդ իրադարձություն էլ ավելի մեծ ճանաչում է բերելու մեր քաղաքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս գործում աջակցելու համար: Կարծում եմ՝ պետական մարմինները ևս կաջակցեն, և կկարողանանք կազմակերպել ֆուտբոլային մեծ տոն: Շնորհակալություն բոլորիդ այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար, ուրախ ենք այսօրվա համար: »

Այնուհետև Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության մասին իր կարծիքը հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.

«Շնորհակալություն մեր քաղաքում ֆուտբոլային այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Մեր երկրի պատմության, երևի թե, խոշորագույն սպորտային իրադարձությունն է: Իրոք, հուլիս ամսվա ընթացքում Երևանն ու Հայաստանը կդառնան Եվրոպայի կենտրոնը: Քաղաքապետարանի ողջ անձնակազմը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին և մասնակիցներին: Վստահեցնում եմ ձեզ՝ ամեն ինչ անցկացվելու է ամենաբարձր մակարդակով:»

Վերջում պաշտոնյաներն ու ներկաները հաջողություն մաղթեցին  Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականին՝ նշելով, որ պատանի ֆուտբոլիստներն ունեն հանրությանն ուրախացնելու աննախադեպ հնարավորություն:

Առաջնությանն ընդառաջ նոր միջոցառումներ են սպասվում: Իսկ վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023