Ատլետիկ Բիլբաո vs Ռեալ Սոսիեդադ. բասկյան դերբիի պատմությունը
Լա լիգայի բասկյան դերբին եզակի հանդիպում է համաշխարհային ֆուտբոլում, որի շրջանակում «Ատլետիկի» և «Ռեալ Սոսիեդադի» դիմակայությունը դուրս է նաև խաղադաշտի սահմաններից։
Բասկերի երկրի երկու ամենամեծ քաղաքների՝ արդյունաբերական Բիլբաոյի և արիստոկրատական Սան Սեբաստիանի միջև պատմական թշնամանքը սպորտային ելք գտավ, երբ 20-րդ դարի սկզբին ֆուտբոլը մուտք գործեց Իսպանիա։
Կողմերն անմիջապես սկսեցին անցկացնել ցուցադրական և ընկերական հանդիպումներ, իսկ 1913 թ. ստեղծվեց Բասկյան ռեգիոնալ լիգան, որն ուներ պաշտոնական կարգավիճակ։
1914 թ. տեղի ունեցած դերբիում «Ատլետիկը» հաղթեց 3:2 հաշվով, իսկ հանդիպման առաջին գոլը խփեց «Լոս Լեոնեսի» լեգենդար հարձակվող Ռաֆայել Մորենո Արանսադին` Պիչիչին։
Կողմերի միջև մրցակցությունը շարունակվեց արդեն Լա լիգայի առաջին` 1928/29 մրցաշրջանում կայացած դերբիում։ «Ատլետիկը» հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ հաղթել 4:2 հաշվով։
«Ատլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարան Լա լիգայի շրջանակում «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղերում խփել է 14 գոլ ու լավագույնն է այդ ցուցանիշով։ Նա 1950/51 մրցաշրջանում կայացած խաղում 5 գնդակ ուղարկեց «Լա Ռեալի» դարպասը` օգնելով «Ատլետիկին» հաղթել 7:1 հաշվով։
Դերբիների շրջանակում «Ռեալ Սոսիեդադի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Խեսուս Մարիա Սատրաստեգին է, ով 1970-80-ական թթ. Լա լիգայի շրջանակում 16 խաղում խփել է 13 գոլ։
1980-ականների սկիզբը բասկյան ֆուտբոլի փառքի ժամանակակշրջանն էր։ 1980/81 և 81/82 մրցաշրջաններում «Ռեալ Սոսիեդադը» երկու անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն, որոնք դեռևս միակն են ակումբի պատմության մեջ։
«Ատլետիկի» պատասխանը չուշացավ, որը 1982/83 և 83/84 մրցաշրջաններում նույնպես երկու անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
Բիլբաոն ներկայացնող ակումբը 1983/84 մրցաշրջանում առհասարակ դարձավ դուբլի հեղինակ` նվաճելով նաև Իսպանիայի գավաթի տիտղոսը։
1983/84 մրցաշրջանի դերբիներից մեկը կայացավ Լա լիգայի վերջին տուրում` «Ատլետիկի» «Սան Մամես» մարզադաշտում։ Տանտերերի պաշտպան Ինիգո Լիսերանսուն դարձավ դուբլի հեղինակ, իսկ իր թիմը հաղթեց 2:1 հաշվով` նվաճելով մինչ օրս վերջին` 8-րդ չեմպիոնական տիտղոսը։
Լա լիգայի շրջանակում կայացել է 148 բասկյան դերբի, որի շրջանակում «Ատլետիկը» տոնել է 59, «Ռեալ Սոսիեդադը»` 51 հաղթանակ, ևս 38 անգամ էլ կողմերը չեն պարզել հաղթողին։
Բազմաթիվ ֆուտբոլիստներ հանդես են եկել երկու ակումբների կազմում էլ, սակայն միայն երկու ֆուտբոլիստի հաջողվել բասկյան դերբիի շրջանակում գոլի հեղինակ դառնալ ինչպես «Ատլետիկի», այնպես էլ «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Առաջինը եղել է Ռաֆա Իրիոնդոն 1950-60-ականներին, իսկ երկրորդը` Պեդրո Ուրալդեն` 1980-ականներին։
Դեռևս վերջերս` 2018 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ատլետիկը» 32 մլն եվրոյի դիմաց գնեց «Ռեալ Սոսիեդադի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսին, ով մինչ օրս դերբիների ժամանակ Սան Սեբաստիանում արժանում է «ջերմ» ընդունելության։
2019 թ. ամռանը «Լա Ռեալը» պատասխան հարվածը հասցրեց` պայմանագիր կնքելով «Ատլետիկի» դարպասապահ Ալեքս Ռեմիրոյի հետ, ով վերջին ֆուտբոլիստն է, որն «ուղիղ» տրանսֆերով բասկյան մեկ ակումբը փոխել է մյուսով։
Այդուհանդերձ, չնայած մրցակցությանը` երկու ակումբների ֆուտբոլիստներն ու երկրպագուները գիտեն, որ նրանք բազմաթիվ ընդհանուր բաներ ունեն, այդ թվում` նաև «Սան Մամես» ու «Ռեալե Արենա» մարզադաշտերը։
Հանդիպումների օրերին երկու ակումբների երկրպագուները հավաքվում են մարզադաշտերի մոտակայքում և ստեղծում են իսկական ֆուտբոլային մթնոլորտ։ Եվ՛ խաղադաշտում, և՛ դրանից դուրս, բասկյան դերբին ցույց է տալիս Լա լիգայի դրական կողմերը։
# Ատլետիկ Բիլբաո, Բասկյան դերբի, Լա լիգա, լալիգա, Ռեալ Սոսիեդադ