Ատլետիկոն պոկվում է Ռեալից ու Բարսելոնայից🎥

Ատլետիկոն պոկվում է Ռեալից ու Բարսելոնայից🎥

13/01/2021 - 02:28

Իսպանական Լա լիգայի շրջանակում հունվարի 13-ին կայացավ 1-ին տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը։ Այս հանդիպումը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ երկու թիմերն էլ օգոստոսին մասնակցում էին եվրագավաթային մրցաշարերին և հասել էին վերջին փուլեր, կողմերին լրացուցիչ հանգիստ տրամադրվեց։

«Ատլետիկո Մադրիդն» այս խաղում լրիվ իր ոճի մեջ էր․ նախաձեռնությունը զիջել էր մրցակցին, սակայն խաղի վերահսկողությունը պահում էր իր ձեռքում՝ հնարավորության դեպքում անցկացնելով հակագրոհներ։

Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին․ Կիրան Տրիպեի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո «հնդկացիների» հարձակվող Անխել Կոռեան հիանալի կողմնոշորվեց մրցակցի տուգանային հրապարակում և գրավեց Բոնոյի պաշտպանած դարպասը։

Բաց թողած գոլից հետո Խուլիեն Լոպետեգիի սաները բավականին ակտիվացան և 22-րդ րոպեին քիչ մնաց հավասարեցնեին հաշիվը, սակայն Մարկուս Ակունյայի՝ անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շատ անհաջող ստացվեց։

25-րդ րոպեին էլ հարվածային դիրքում հայնտվեց Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցու հարվածը ուղիղ Բոնոյի վրա ստացվեց։

Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր․ «Սևիլիան» տիրում էր գնդակին, «Ատլետիկոն» պաշտպանվում էր, սակայն, ակնհայտ էր, որ խաղը Դիեգո Սիմեոնեի սցենարով է ընթանում, ինչի արդյունքն էլ այն էր, որ 76-րդ րոպեին մադրիդյան ակումբը նույն աջ եզրով ճեղքեց «Սևիլիայի» պաշտպանությունը և Մարկոս Լյորենտեի կատարած փոխանցումից հետո Սաուլ Նիգեսը կրկնապատկեց «մատրասայինների» առավելությունը։

Հատկանշական է, որ ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում Սիմեոնեի սաները կատարեցին այդ մեկ հարվածը, որն էլ, փաստացի, ապահովեց անչափ կարևոր հաղթանակ մադրիդցիների համար։

«Ատլետիկոն» հաղթեց 2։0 հաշվով, վաստակեց 41 միավոր և էլ ավելի ամրապնդվեց 1-ին հորիզոնականում՝ պոկվելով «Ռեալից» ու «Բարսելոնայից»։ Վերջիններիս ակտիվում համապատասխանաբար կա 37 ու 34 միավոր, սակայն «Ատլետիկոն» դեռ երկու հանդիպում էլ պակաս է անցկացրել։ «Սևիլիան» մնաց 30 միավորով, որը համապատասխանում է Լա լիգայի 6-րդ հորիզոնականին։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023