Ատլետիկոն շուտով կհայտարարի Ուդինեզեի աստղին գնելու մասին
«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը կարիերան շարունակելու է «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը դեռևս օրեր առաջ անձնական պայմանագիր է համաձայնեցրել Դե Պաուլի հետ. կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր։
Աղբյուրի փոխանցմամբ` «հնդկացիները» արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ուդինեզեին» վճարելու են 35 մլն եվրո։
Ռոմանոն գրում է նաև, որ «Ատլետիկո Մադրիդը» 27-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման մասին կհայտարարի նրա բուժզննում անցնելուց հետո, որը նախատեսված է Կոպա Ամերիկայի ավարտից հետո։ Դե Պաուլն այժմ գտվնում է Արգենտինայի հավաքականի ճամբարում և Բրազիլիայում մասնակցում է Կոպային։
Մրցաշարի ավարտից հետո Դե Պաուլը կմեկնի Մադրիդ, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունն «Ատլետիկո»։
Հավելենք, որ Ռոդրիգո Դե Պաուլը 2016 թ. հուլիսից հանդես է գալիս «Ուդինեզեում», որի կազմում մինչ օրս մասնակցել է 184 հանդիպման` դառնալով 34 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք նաև, որ արգենտինացի ֆուտբոլիստը Լա լիգայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2014/15 մրցաշրջանն ու 2015/16 մրցշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Վալենսիայի» կազմում, որի մարզաշապիկով էլ անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ուդինեզե, Ռոդրիգո դե Պաուլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո