Ատլետիկոն ու Ռեալը նվեր են մատուցում Բարսային🎥

Ատլետիկոն ու Ռեալը նվեր են մատուցում Բարսային🎥

07/03/2021 - 21:01

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ մադրիդյան հերթական դերբիի շրջանակում «Ատլետիկոն» մրցեց «Ռեալի» դեմ ։

Հանիպումն ակտիվ սկսեցին տանտերերը, որոնք արդեն 15-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ «Հնդկացիները» նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Մարկոս Լյորենտեն հարվածային դիրք դուրս բերեց Լուիս Սուարեսին, ով էլ հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը։

Հատկանշական է, որ ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 17-րդ գնդակը և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն իր նախկին թիմակից Լեո Մեսսիին, ում ակտիվում կա 19 գնդակ։

Հավելենք, որ «Էլ Պիստոլերոն» նախորդ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում դարձել էր 16 գոլի հեղինակ, այսինքն, 34-ամյա հարձակվողը գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը։

Խփած գոլից հետո հանդիպման նախաձեռնությունը Դիեգո Սիմեոնեի թիմը զիջեց մրացակցին և անձնուրաց պաշտպանվեց մինչև ընդմիջում։

Երկրորդ խաղակեսում էլ Զինեդին Զիդանի թիմը գնդակին ավելի շատ էր տիրում (71%), սակայն «Ատլետիկոյի» հակագրոհները բազմապատիկ ավելի վտանգավոր էին, որի ֆուտբոլիստները բազում գոլային պահեր վատնեցին։

Աչքի ընկնելու լավ պահեր կորցրին Յանիկ Ֆերեյա Կարասկոն, Լուիս Սուարեսը, Մարկոս Լյորենտեն և գրեթե բոլոր դրվագներում «Ռեալին» վերահաս գոլից փրկեց Տիբո Կուրտուան։

«Արքայական» ակումբն էլ ոչ մի կերպ չէր կարողանում իրական լուրջ գրոհ ստեղծել Յան Օբլակի դարպասի ուղղությամբ։ Հիշատակաման է արժանի 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆեդերիկո Վալվերդերի կատարածը, ինչից հետո Օբլակը գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ։

80-րդ րոպեին «սերուցքայինները» 200 տոկոսանոց գոլային պահ ստեղծեցին․ դաշտի կենտրոնում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները կորցրին գնդակը, որից հետո «Ռեալը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Վինիսիուսը հարվածային դիրք դուրս բերեց Կարիմ Բենզեմային, ով մեկ դրվագում երկու անգամ վրիպեց․ երկու դրվագում էլ Յան Օբլակը հիանալի խաղաց։

82-րդ րոպեին էլ Զիդանի տղաները նպաստավոր դիրքում ստացան տուգանային հարվածի իրավունք․ գնդակին մոտեցավ Բենզեման, ում հարվածից հետո հերթական անգամ փայլեց Յան Օբլակը։

88-րդ րոպեին, ամեն դեպքում, Կարիմ Բենզեման հասավ իր նպատակին․ ֆրանսիացի հարձակվողը, «պատ» խաղարկելով Կազեմիրոյի հետ, դուրս եկավ հարվածային դիրք և գրավեց Օբլակի պաշտպանած դարպասը։

Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Ատլետիկոն» վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցում է արդեն ընդամենը 3 միավոր, չնայած, Դիեգո Սիմեոնի թիմը մեկ խաղ դեռևս պակաս է անցկացրել։

«Ռեալն» էլ 54 միավորով 3-րդն է։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023